ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրի հաշվետվության ներկայացումը խորհրդարանում նոր ինստիտուտ է. առաջին անգամ նման զեկույց ներկայացվել է 2020-ին:
«Սա կարևոր ներդրում է և հնարավորություն է տալիս Ազգային ժողովին ու հանրությանը իրազեկ լինել, թե ինչ է իրականացվել կառավարության կողմից նախորդ տարվա ընթացքում և որքանով է այդ միջոցառումների իրականացումը համահունչ ծրագրային դրույթներին»,- ասել է ֆինանսների նախարարը:
Ներկայացնելով Ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները, նախարարն ասել է, որ կառավարության կողմից ընդունվել է պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որում նախանշվել են հիմնական բարեփոխումները:
«Այդ բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու արդյունքում մենք կմոտենանք կառավարության ծրագրով հայտարարված նպատակադրումներին: Ռազմավարությունը ներառել է 14 ոլորտներ՝ հիմնականում ամբողջականացնելով հանրային ֆինանսների կառավարման բնագավառում գործառութային պարտականությունների ցանկը»,- հավելել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ ռազմավարությունը կախված չէ միայն ֆինանսների նախարարության կոնկրետ գործունեությունից և տարբեր գործողություններում ներառում է պետական այլ մարմիններ: