Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է օրացուցային ծրագրում կատարված փոփոխության մասին: Չեղյալ է հայտարարվել Փարիզում մայիսին նախատեսված Մեծ սաղավարտի մրցաշարը։ Օլիմպիական վարկանշային այդ ստուգատեսը կանցկացվի Կազանում՝ մայիսի 5-7-ը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը տեղի կունենան մարզաձևի միջազգային Մեծ սաղավարտի մրցաշարեր Թբիլիսիում՝ մարտի 26-28-ը, Անթալիայում՝ ապրիլի 1-3-ը, Կազանում՝ մայիսի 5-7-ը, ինչպես նաև Եվրոպայի լիսաբոնյան (ապրիլի 16-ից) և աշխարհի բուդապեշտյան (հունիսի 6-ից) մրցաշարերը:
Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանշային ցանկում 38-րդն է: Նոր մրցակարգով՝ Տոկիոյի խաղերում, յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ:
Մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որից 13-ը՝ եվրոպացիներին, և որից երեքը ՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին: