Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ:
Նախարարները գոհունակություն են հայտնել հայ-արգենտինյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական ջանքեր ձեռնարկելու համագործակցության օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է արգենտինահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում:
Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել բազմակողմ ձևաչափերում ձևավորված սերտ փոխգործակցությունը լայն օրակարգի շուրջ։
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր արգենտինացի գործընկեր Սոլային է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: