ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է «Լոռի ՖԱ»-ի ղեկավարության հայտարարությանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու մասին:
«Մարտի 16-ին տեղեկացանք «Լոռի ՖԱ»-ի՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու ցավալի լուրի մասին: Համարելով այս քայլը անհեռանկար և սխալ՝ այդուհանդերձ, չենք ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը ազգային հավաքականի կարևորագույն հանդիպումներից առաջ: Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ: Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը:
«Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն: Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Կարծում եմ, որ այդ հանդիպումներն այս պահին առաջնահերթ պետք է լինեն հայկական ֆուտբոլային ընտանիքի համար: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ֆուտբոլային հանրությանը՝ կարևորագույն մեկնարկից առաջ միավորվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ»,- ասված է ՀՖՖ նախագահի հայտարարության մեջ: