Մարտի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային Ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Վահրամ Կարապետյանին:
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է հյուրին և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերն ուղղել բոլոր հնարավոր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռի է՛լ ավելի ամրապնդել կողմերի միջև առկա համագործակցությունը:
«Մոսկվայի տան» գլխավոր տնօրենը շեշտել է, որ կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում ռուսական մշակույթի ներկայացմանը և ռուսաց լեզվի իմացության խորացմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը, որոնց իրականացմանն էլ ուղղված են իրենց կողմից նախաձեռնած ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսաց լեզվով անվճար դասընթացների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև դիտարկվել ռուսաց լեզվի դասագրքերի փոխանցումը մարզային այն դպրոցներին, որտեղ ռուսաց լեզվով դասընթացներ են անցկացվում: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններ և նախագծեր:
Երևանում «Մոսկվայի տան» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ մարզերում և մայրաքաղաքում իրենց գործունեությունը, կարևորել և բարձր գնահատել ՌԴ և ՀՀ մարզերի և քաղաքների միջև առկա համագործակցությունը և հույս հայտնեց, որ կողմերի հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը։
Հանդիպման ավարտին Վահրամ Կարապետյանի ներկայացրել է, որ իր և կենտրոնի ջանքերով շուտով լույս կտեսնեն երկու կարևոր աշխատություններ: Առաջինն աշխատությունը ներկայացնելու է Հայաստանի բովանդակ պատմությունը՝ սկսած հայ ժողովրդի սկզբնավորման ակունքներից մինչ նոր ժամանակներ, իսկ երկրորդ գիտական աշխատանքը վերաբերվում է Արմավիրի մարզում գտնվող Շուշանավանքին (VII դ.), ինչը հնարավորություն կտա սերունդներին փոխանցել ժամանակի քառուղիներում վանքի մոռացության մատնված պատմությունը:
Հանդիպումից հետո այցելել են Վայքի հիմնական դպրոց, որտեղ «Մոսկվայի տան» աջակցությամբ ապրիլի 1-ից կմեկնարկի ռուսաց լեզվի դասավանդման երկամսյա երկրորդ դասընթացը: Հյուրերին դիմավորել են ինչպես ծրագրի նոր մասնակիցները, այնպես էլ նախկին փուլի սաները, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել դասընթացներին իրենց մասնակցությունը:
Ներկաներին ողջունել են Վահրամ Կարապետյանը և «Մոսկվայի տան» ռուսաց լեզվի դասընթացների համակարգող Նելլի Գեղամյանը: Վահրամ Կարապետյանը նշել է, որ այս պահին Հայաստանի 9 քաղաքներում կենտրոնի կողմից իրականացվում է 15 դասընթաց, և Վայքն առաջին քաղաքներից է, որտեղ մեկնարկում է դասընթացների երկրորդ փուլը: Նա ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի կենտրոն բացել նաև Եղեգնաձոր քաղաքում:
Արարատ Գրիգորյանի խնդրանքով՝ կազմակերպիչները հակիրճ ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, որի գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ այն շեշտադրում է նրանց միջև ռուսաց լեզվով շփումը, ինչը և հիմք է հանդիսանում նրանց լեզվական հմտությունների զարգացման համար:
Մասնակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել կազմակերպիչներին՝ ընդգծելով համակարգող Նելլի Գեղամյանի անգնահատելի աշխատանքը, որի մշակած ծրագրով են դասավանդվում ՀՀ բոլոր մարզերում գործող դասընթացներում ընդգրկված աշակերտները: Ի պատասխան՝ Նելլի Գեղամյանը խոստացել է մշակել նոր ծրագիր, որը հնարավորություն կտա երեխաներին շարունակել կրթությունը: