Կրթական բարեփոխումները բարդ գործընթաց են, և այս առումով Հայաստանը բացառություն չէ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամեն դեպքում հաջողվել է ոլորտում բովանդակային լրջագույն փոփոխություններ իրականացնել. մասնավորապես, արդեն ընդունվել են նախակրթության և հանրակրթության չափորոշիչները, այժմ աշխատանք է տարվում առարկայականի ուղղությամբ: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ կարևոր է ոչ միայն բովանդակային, այլև ֆինանսատնտեսական միջավայրի փոփոխությունը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք հիմա փորձում մենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ Հայաստանի անկախության առաջին օրերից եղել է մեր քաղաքական և կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում: Խոսքը ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է:
Դասասենյակ մտնող յուրաքանչյուր ուսուցիչ պետք է համապատասխանի այն չափորոշիչներին, որը պետությունն է առաջարկում: Այսինքն՝ դասընթացի բովանդակությունը պետք է կարողանա պատշաճ ձևով մատուցել աշակերտներին: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այս ամենն իրականություն դարձնելու համար մանկավարժը պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա:
Նիկոլ Փաշինյան - Մենք պատրաստվում ենք այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման՝ աշխատավարձի համակարգը հետևյալ տրամաբանությամբ՝ ատեստավորում անցած, այսինքն՝ մասնագիտական որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, և հետագայում, և ես համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում մենք այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ:
Պետք է Երևանից դուրս ակադեմիական քաղաք ստեղծել ու մայրաքաղաքի կենտրոնում խտացած բուհերի մեծ մասը տեղափոխել այնտեղ՝ ասում է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Ակնհայտ է, որ բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ թե իրենք իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում կրթության, բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչներին: Եվ շատ դեպքերում անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար ես կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը:
Գիտության ֆինանսավորման ծավալը նույնպես պետք է փոխվի, և գոնե այս հարցում երկրորդ կարծիք չկա՝ համոզված է գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր է ունենալ համակարգ, որը մեզ կօգնի ամեն ավելացրած դրամ իրապես ծախսել գիտության ֆինանսավորմանը, իրապես գիտնականի ֆինանսավորմանը, իրապես գիտությամբ զբաղվող միջավայրերի և անձանց ձևավորման գործին:
Բազմաթիվ բարեփոխումներ ուշացել են, այդ պատճառով պետք է ավելի վճռականորեն աշխատել այդ ուղղությամբ՝ ասում է Փաշինյանը, ավելացնում՝ բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից: