2020 թվականին ՀՀ-ում իրականացվել է 595876 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է 159738 դեպք (հարաբերական ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով՝ 5392), որից 12870-ը (2.5%) ստանում էին բուժում դեկտեմբերի 31-ի դրությամբ, 143355 (95.1%) անձ առողջացել է, 2828 դեպքում (հարաբերական ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով՝ 95.5) արձանագրվել է մահվան ելք: Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահաբերությունը կազմել է 1.77%՝ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացնելով ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Քանի որ հիվանդությունը նոր իրավիճակ էր, դրա վերաբերյալ տեղեկատվությունը, վարակի տարածելիության ցուցանիշները, հիվանդացության ընթացքը, բուժական պրոտոկոլները, նոր դեղերն անընդհատ փոփոխման մեջ են եղել: Մեր սկզբունքն է եղել՝ լինել ժամանակին համընթաց, փորձել արագ ունենալ առկա գիտական մոտեցումները և մեր որոշումները կայացնել՝ հենվելով դրանց վրա՝ իհարկե իմանալով, որ գուցե ընթացքում դրանք փոփոխության ենթարկվեն: Այսինքն՝ չուշանալ, անել հնարավորինս և ընթացքում փոփոխել քաղաքականությունը, մոտեցումները՝ ճշգրտելով օրեցօր ի հայտ եկող գիտական նորություններին»,- ասաց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ այժմ հիվանդացության աճ է նկատվում: «Այս պահին 11 բժշկական կազմակերպություններ զբաղված են կորոնավիրուսով պացիենտների բուժմամբ, մենք 2900 մահճակալի հնարավորություն ունենք, հընթացս ծավալում ենք»,- նշեց նա: