Ցավով տեղեկացա «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանի՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբից իր թիմը դուրս բերելու որոշման մասին։ Կարծում եմ՝ հնարավոր էր խուսափել նման որոշումից կամ հետաձգել դրա կայացումը՝ ավարտելով առաջնությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
«Ֆուտբոլը Լոռու մարզում սիրված մարզաձև է և համայնքների միավորման կարևոր գործոն, ուստի մենք առաջնային ենք համարում թե՛ մասսայական, թե՛ պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացումը։ Այս մասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, և ես պատրաստ եմ ոլորտի ներկայացուցիչների հետ անձամբ քննարկել խնդիրները և լուծումներ գտնել։
Լոռու մարզպետարանը և անձամբ ես պատրաստ ենք կանգնել յուրաքանչյուր ներդրողի կողքին, որը կցանկանա զբաղվել ֆուտբոլի զարգացմամբ մարզում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս տարի վերսկսելու է Վանաձորի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, ինչը նոր խթան կլինի պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման համար։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում Լոռու մարզը ներկայացնող թիմը կրկին հանդես կգա Հայաստանի առաջնությունում, մենք էլ մեր ուժերի ներածին չափով կաջակցենք այդ գործընթացին»,- գրել է մարզպետը։