Հայկական տուրիզմը փորձում է ուշքի գալ պանդեմիկ շոկից. մեր զբոսաշրջային ընկերությունները երկար դադարից հետո Մոսկվայում մասնակցում են «MITT 2021» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, այս անգամ խոշորագույն տաղավարներից մեկով: Հայաստանը կրկին բաց է և պատրաստ տուրիստական սեզոնին: Արձագանքը մեծ է՝ մենք գրավիչ ենք մնում նրանց համար, ովքեր նախընտրում են մեր երկրի հնագույն պատմությունը, գաստրոնամիական հաճույքներն ու հյուրընկալությունը: Ճիշտ է, դեռ ավիատոմսերը թանկ են, բայց դա կոմպենսացվում է մեր երկրում այլ ծառայությունների մատչելիությամբ:
Յուրի Լասկին, Զբոսաշրջային գործակալության տնօրեն - Դեպի Հայաստան ճամփորդությունն ամենահիշարժան և հաճելի ուղևորություններից մեկը կարող է դառնալ, քանի որ ես արդեն եղել եմ այնտեղ՝ իմ մեղրամսին, գիտեմ՝ դա ոչ միայն Երևանն է ու կոնյակը, այլ նաև Գորիսն ու Կապանը, հրաշագեղ եկեղեցիներն ու Էջմիածինը: Ինձ համար դա մի կողմից նոստալգիա է, մյուս կողմից առաջ ենք մղում ամենահետաքրքիր վայրերը, որոնք կապված են նաև ռուսական մշակույթի և պատմության հետ:
Ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանն առավել գրավիչ է դառնում: Տուրիստական գործակալության տնօրենը փաստում է՝ քովիդային սահմանափակումներից հետո ռուսաստանցիների համար արտասահմանյան պահանջված ուղղությունների ցանկում Հայաստանը երրորդ տեղում է: Որպեսզի զբոսաշրջիկը բազմաթիվ ուղղություններից ընտրի հենց Հայաստանի փաթեթը, Մոսկվա է ժամանել 20 հայկական ընկերություն՝ մասնակցելու Ռուսաստանի և ԱՊՀ երկրների խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսին: Համաճարակային երկար դադարից հետո Հայաստանը կրկին բաց է և պատրաստ տուրիստական սեզոնին:
Եղիշե Թանաշյան, Զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն, վաճառքի մասնագետ - Իրազեկում ենք բոլորին, որ Հայաստանն արդեն ընդունում է տուրիստներին, բավականին հեշտացված է գործընթացը, 72 ժամյա տևողության թեստով կարող են այցելել, իսկ շատերն այդ մասին չգիտեն:
MITT 2021-ին այս տարի մասնակցում է ոլորտի 1500 ներկայացուցիչ՝ 229 երկրներից: Հայկական տարազով, տեսարժան վայրերի հոլովակներով և լուսանկարներով՝ Հայաստանը մեկ ընդհանուր տաղավարով է ներկայանում: Օրվա ընթացքում հայկական տաղավարն արդեն հասցրել է գրավել բազում գործընկերների և այցելուների։
Անահիտ Այվազյան, Զբոսաշրջային ընկերության տնօրեն - Շատ էքսպոների մասնակցել ենք որպես այցելու, ու միշտ նախանձել եմ մեր հարևան երկրներին, որ ունեցել են մեծ տաղավարներ: Հիմա շատ լավ եմ զգում, որ Հայաստանը հավուր պատշաճի ներկայացված է: Այսօր բավականին շատ հաջողություններ ունեցանք:
Տեսարժան վայրերից, համադամ ուտեստներից ու հայկական կոնյակից բացի Հայաստանը գրավում է նաև իր հյուրընկալությամբ:
Օլգա Ալեքսեևա - Հայաստանում երբեք չեմ եղել, բայց մեծ ցանկություն ունեմ այցելելու, գիտեմ, որ այն հնագույն երկիր է: Ինձ շատ են դուր գալիս երկրի պատմությունը, մշակույթը, ազգային խոհանոցն ու, իհարկե, հյուրընկալ ժողովուրդը:
Երկիր զբոսաշրջիկ բերելու համար, համաճարակային ծանր տարվանից հետո, առաջինն ընտրվել է Ռուսաստանը՝ որպես թիրախային երկիր, որտեղ նպատակ է դրված իրականացնել մի քանի մարքեթինգային ծրագրեր:
Ալֆրեդ Քոչարյան, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար - Մասնակիցների քանակով մեր տաղավարը խոշորագույններից է: Երկար դադարից հետո սա շատ լավ հիմք կարող է դառնալ զբոսաշրջությանը զարկ տալու առումով:
Թեև օդային ուղիների բացումից հետո տոմսերի արժեքը կտրուկ բարձրացել է, տուրօպերատորները հույս ունեն, որ կկարողանան հնարավորինս արագ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները և «ոտքի կանգնեցնել» ոլորտը:
Եղիշե Թանաշյան - Տոմսի գնի թանկությունը կոմպենսացվում է երկրի ներսում այլ ծառայությունների գների նվազեցմամբ:
Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները ռուս գործընկերների հետ քննարկել են երկկողմ զբոսաշրջային հոսքերն ակտիվացնելու հարցեր: Այստեղ Հայաստանի մասին իրազեկման մակարդակը բարձրացնելու համար լրագրողներ ու բլոգերներ կտանեն Հայաստան: Զբոսաշրջության կոմիտեն դիտարկվում է նաև ակտիվացում այլ ուղղություններով՝ Ուկրաինա, Իրան, նաև արաբական երկրներ, որտեղ համաճարակային պահանջները քիչ թե շատ մեղմացել են: