Երկու շաբաթ առաջ կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջև, այս անգամ 2012-ին վերընտրվելու քարոզարշավի ընթացքում կատարած ապօրինի յուրացումների ու ֆինանսավորման մեղադրանքով՝ հաղորդում է FRANCE 24-ը:
Իր ձախողված քարոզարշավի ընթացքում Սարկոզին 20 միլիոն եվրո (24 միլիոն դոլար) է ծախսել հանրահավաքների ու կողմնակիցների հետ հանդիպումների, շքեղ հավաքույթների համար:
Գումարն օգտագործվել է քարոզարշավի վերջին օրերին, երբ Սարկոզին փորձել է խուսափել իր սոցիալիստ մրցակից Ֆրանսուա Օլանդի անսպասելի ուժեղ մարտահրավերից: Քննիչներն ասում են, որ երկրորդ փուլում նրա ընտրապայքարի ընդհանուր ծախսը կազմել է գրեթե 43 միլիոն եվրո (51 միլիոն դոլար):
Ֆրանսիայի նախկին ղեկավարը պնդում է, որ տեղյակ չի եղել այդ ծախսերից: Եթե Սարկոզին մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում և մոտ 4500 ԱՄՆ դոլարի տուգանք: