ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին:
Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումը ապահովելու, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածում ամրագրված դրույթները հստակեցնելով:
«Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, իսկ 3-րդ մասում նշվում է, որ քրեական պատասխանատվություն է առաջանում 1-ին մասի և 2-րդ մասով նախատեսված արարքների համար, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքին կամ առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով: Արդյունքում ստացվում է, որ արարքը Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով որակելու համար պահանջվում է ինչպես 1-ին մասով, այնպես էլ ծանրացնող հանգամանքով հանցակազմով հատկանիշների առկայությունը»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց՝ առաջարկում են 3-րդ մասում առաջին «և» շաղկապը փոխարինել «կամ»-ով, արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի արարքը որակելու 3-րդ մասով՝ ինչպես 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների, այնպես էլ 3-րդ մասով նախատեսված: