Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի՝ մարտի 15-ի ընտրության վերաբերյալ դիրքորոշում կրթական գերատեսչությունը կհայտնի հոգաբարձուների խորհրդից պաշտոնական գրությունն ստանալուց հետո: Քվեարկության արդյունքը բողոքարկել-չբողոքարկելու հարցին ևս այս պահին նախարարի խորհրդականը չի կարող պատասխանել:
Գոհար Մամիկոնյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ - Թե ինչ կորոշի նախարարությունը, ինչ գործընթաց կծավալվի ապագայում, պարզ կլինի ներկայացված արձանագրությունից և այն հիմքերի իրավաչափությունից, որոնք առկա են հիմքում:
Ռեկտորի աշխատասենյակի դուռը փակ է: 17 կողմ, 5 դեմ ձայնով բուհի ղեկավար ընտրված միակ թեկնածուն՝ Գոռ Վարդանյանը, համալսարանում չէր: Շիկացած մթնոլորտում անցած ընտրության արդյունքի վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի ղեկավարի առարկության պատճառը 3 քվեաթերթիկն է, որոնցում նշումներն, ըստ Մամիկոնյանի, սահմանված կարգով չէին և պետք է անվավեր ճանաչվեին:
Գոհար Մամիկոնյան - Կային քվեաթերթիկներ, որտեղ քառակուսի այդ վանդակից դուրս են քվեարկել, կար մեկ քվեաթերթիկ, որը շատ մեծ վեաձև նշան էր դրված, ակնհայտորեն ընդգծված և մեծ վանդակից, և կար մեկ քվեաթերթիկ, որի վրա կար առանձին նշան, գրիչի հետք, գիծ, որը գտնվում էր վանդակից դուրս:
Անվավեր է ճանաչվել 3 թերթիկից մեկը: Հաշվիչ հանձնաժողովի անդամներից 3-ը մյուս երկու քվեաթերթիկը համարել են վավեր: Հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանն այնուհետև հայտարարել է՝ վայր է դնում լիազորությունները, քանի որ չի կարող աչք փակել խախտումների վրա:
Վարդան Պետրոսյան, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, հաշվիչ հանձնաժողովի անդամ - Հիմա այդ նշանը պետք է դրվի վանդակի ներսում, մարդ է, մի քիչ գրիչը ներքև, փոքր, մեծ կլինի, չեմ կարծում՝ խախտում է: Բայց ինքը գտավ՝ խախտումներ կան: Ասացի, որ տարիքով են մարդիկ, դասախոսները, ձեռք է, կարող է դողում է:
Ռեկտորի պաշտոնը թափուր էր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Մրցույթին նախապես առաջադրվել է վեց թեկնածու: Պարգև Բալջյանը թեկնածությունը հանել է ի նշան բողոքի. պնդում է՝ ընտրակարգում կան հակասություններ:
Պարգև Բալջյան, ՀԱՊՀ դասախոս - Իրեն չեմ ասել, խորհրդի այն անդամներին եմ ասել, որ եթե Նյուտոնն էլ լիներ, թեկնածուն այդ ձայներն ստանալու էր: Ինչ ընտրություն, եթե մեկ անձով է կատարվում, իմ ուղեղում չի տեղավորվում: Նա պիտի ճանապարհ անցած լինի, գիտական: Անձնական խնդիր չունե՞ք, չէ՝ ինչ խնդիր:
Հոգաբարձուների խորհրդի անդամ Գոհար Մամիկոնյանը ևս վստահեցնում է՝ նորընտիր ռեկտորի հետ որևէ խնդիր չունի. մի կողմ է դրել անձնական նկրտումներն ու նախասիրությունները, առաջնորդվում է բացառապես ընտրության սահմանված կարգով:
Գոհար Մամիկոնյան - Գտնում եմ, որ Գոռ Վարդանյանը շատ մեծ պոտենցյալով երիտասարդ է, կարող է առաջընթաց քայլեր կատարել տարբեր նախաձեռնություններում, որպես ռեկտոր ոչ թե իմ անձական նախասիրություններով, այլ խորհրդի որոշմամբ կարող է լինել, եթե խորհրդի բոլոր անդամները մաքուր, պարզ քվեարկությամբ ընտրեն:
Վարդան Պետրոսյան - Հետք, նշումն ուրիշ բաներ են, արդյոք այնպիսին էր, որ հնարավոր կլիներ քվաերկող անձի նույնականացում արվեր, ասացին՝ ոչ, էլ ի՞նչ խնդիր: Անցած ընտրությանը ծայրը պատռվել էր, ասում են՝ մտցնելուց է եղել, եկեք, անվավեր համարենք:
Ընտրությանը մասնակցել է, բայց կասկածելի համարված թերթիկները չի տեսել, դրա մասին չի կարող խոսել խորհրդի երիտասարդ անդամներից Նարե Կարախանյանը: Ռեկտորի ընտրության շուրջ աղմուկն, ըստ նրա, տեղին չէ, նիստն ընթացել է նորմալ:
Նարե Կարախանյան, ՀԱՊՀ ուսանող, հոգաբարձուների խորհրդի անդամ - Երեք հոգի եղել է կողմ, որ դա անվավեր չհամարվի, ուրեմն մի բան եղել է, չէ՞, որ կողմ են քվեարկել:
Գոհար Մամիկոնյանի խոսքով՝ հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքը, բայց հանձնաժողովը խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարել է երեքի ստորագրության մասին: Խորհուրդն ունի 32 անդամ, ներկա են եղել 23-ը: 18 ձայնով հոգաբարձուների խորհուրդը բաց քվեարկությամբ հաստատել է հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը: