ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ Կառավարության իրականացրած աշխատանքները: «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի նպատակով բժշկական կենտրոնները վերապրոֆիլավորվեցին և դարձան կորոնավիրուսով հիվանդների բուժման կենտրոններ, բժշկական կենտրոններն ապահովվել են անհրաժեշտ դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման և սպասարկման գործընթացում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծավալվել է 2900-ից ավելի մահճակալ, որից շուրջ 380-ը` վերակենդանացման: Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման և սպասարկման գործընթացում ամբողջությամբ կամ մասնակի ներգրավված է եղել 29 հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, որից 15-ը՝ մարզերում, իսկ 14-ը՝ Երևանում»,- նշեց նախարարը:
Ավանեսյանն անդրադարձավ նաև պատերազմական օրերին բուժհամակարգի գործունեությանը: «Մեր ողջ ուժերը գերլարմամբ ուղղվեցին պատերազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների և վիրավոր զինվորների բժշկական օգնության կազմակերպմանը: Այս առումով իհարկե երկու միաժամանակյա մարտահրավերներ ունեցանք՝ պայմանավորված կորոնավիրուսի հիվանդացության կտրուկ աճով, և համակարգը մի կողմից սպասարկում էր օրական 2000-ից ավելի դրական արդյունք տված պացիենտների, մյուս կողմից՝ վիրավոր զինվորների ու այն քաղաքացիներին, ովքեր Արցախից տեղափոխվել էին ՀՀ: Շուրջ 3000 բուժաշխատող ներգրավված է եղել պատերազմի հետևանքով տուժածների բուժօգնության ու սպասարկմանը: Մեծածավալ թվով սարքեր, դեղորայք և բժշկական նշանակության պարագաներ գնվել, հավաքվել են դոնոր կազմակերպությունների կողմից, մեր քաղաքացիների կողմից ահռելի օժանդակություն է եղել»,- ներկայացրեց նախարար Ավանեսյանը: