Դանիան թույլատրել է թագավորության բացառիկ տնտեսական գոտում անցկացնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի երկրորդ գիծը: Աշխատանքը պետք է սկսվի մարտի վերջին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դանիայի էներգետիկ գործակալության տրամադրած ժամանակացույցը:
Նախագծի իրականացումը բարդանում է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: 2019-ի վերջին Բալթիկ ծովի հատակում խողովակների անցկացումը դադարեցվել էր, երբ եվրոպացի որոշ գործընկերներ հրաժարվել էին համագործակցելուց: Ընկերությունները վախենում էին հայտնվել ամերիկյան սև ցուցակներում՝ «Հյուսիսային հոսքի» պատճառով: Աշխատանքները վերսկսվել են 2020 թվականին:
«Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման դեմ պայքարը չի դադարում: Լիտվայից, Լեհաստանից ու Ուկրաինայից բացի, գազատարի շինարարությունը դադարեցնելու պահանջ են ներկայացրել նաև գերմանացի բնապահպանները: Նրանք դատարանների միջոցով փորձում են արգելափակել շինարարությունը, բողոքարկում են գերմանական ջրերում խողովակաշարի անցկացման թույլտվությունը: