Պրոֆեսոր Երիցյանը 35 տարի է՝ դասավանդում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Քիմիական գիտությունների դոկտորը լսարանի դուռը բացում ու ցավով արձանագրում է՝ տարեցտարի ուսանողների թիվը նվազում է:
Մեժլում Երիցյան (քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) - Քիմիան 25 հոգի կար, երկու խումբ ունենում էինք, հիմա մի քանի հոգի են՝ 5-6 հոգի:
Թե ինչու են շրջանավարտները քիմիան որպես մասնագիտություն շրջանցում՝ փորձառու մասնագետը լավ գիտի՝ աշխատատեղեր չկան: Խորհրդային տարիներին մեր երկիրը քիմիական արդյունաբերության համբավ ուներ, այսօր այդ գործարաններից միայն ստվերն է մնացել:
Մեժլում Երիցյան - Ինչպիսի գործարաններ ունեինք, այդ բոլորը մարեց, ինժեներատեխնիկան գնում է մարման:
Պատկերը մտահոգիչ է բնագիտական բոլոր առարկաների դեպքում: Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը նախորդ տարվա ընդունելության թվերն է թերթում ու փաստում՝ տարիներ անց որոշ մասնագիտությունների գծով պետությունը խնդրի առաջ է կանգնելու:
Մհեր Մելիք-Բախշյան (ՀՊՄՀ պրոռեկտոր) - Մտահոգություն է առաջացնում ֆիզիկան, քիմիան, երկու մասնագիտությունների գծով բոլոր բուհերը ունեն խնդիրը:
Դիմորդների նախասիրություններն ու իրական պատկերը հստակ դարձավ անցած տարվա ընդունելության քննություններից հետո: Երբ շրջանավարտները բուհ ընդունվեցին մեկ քննությամբ ու առաջին հայտի գերակայությամբ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ասում է՝ խնդիրը լուրջ է և լուրջ քննարկումների թեմա պետք է դառնա:
Կարո Նասիբյան (ԳԹԿ տնօրեն) - Մասնագիտություններ կան, որ դիմորդների թիվն ընդամենը մեկն է, և այդ մեկն էլ չի ընդունվել:
Խոսքը «միջուկային ռեակտորների ֆիզիկա» մասնագիտության մասին է: Առաջին հայտով թափուր են մնացել նաև ֆիզիկա, քիմիա, ռադիոֆիզիկա, նանոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտություններին հատկացված տեղերը:
Կարո Նասիբյան - ԵՊՀ, ֆիզիկա մասնագիտության համար դիմորդների թիվը առաջին հայտով հատկացված եղել է 16, հատկացված տեղերը՝ 33: 29-ը թափուր են մնացել:
Եթե որոշ դեպքում աշխատատեղերի խնդիրն է պատճառը, որ դիմորդները այս մասնագիտությունները չեն նախընտրում, ապա Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն աշխատանքի ընդունման խնդիր չունեն, ու, չնայած դրան, կրկին հատկացված տեղերը թափուր են մնում: Օրինակ՝ քիմիա մասնագիտության համար հատկացված 18 տեղի համար մանկավարժական է դիմել ընդամենը 3 շրջանավարտ:
Մհեր Մելիք-Բախշյան - Ուսանողների 90 տոկոսը աշխատում է դպրոցում, աշխատանքով ապահովված է:
Խնդրին եթե պետական մոտեցում չլինի, ծանր իրականության առաջ ենք կանգնելու՝ ասում են մասնագետները: Մելիք-Բախշյանն առաջարկում է այս մասնագիտությունների գծով պետպատվերի տեղերն ավելացնել:
Խնդրի արմատներն ավելի խորն են: Մասնագետների պնդմամբ՝ դրանց լուծումը նախ՝ պետք է փնտրել դպրոցում: Հենց այդ տարիքում հիմքերը լավ դնելու դեպքում բուհերն ու պետությունը խնդրի առաջ չեն կանգնի: