Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է «Կենսաթոշակի մասին» օրենքի նախագծում տեղ գտած փոփոխությունները: Ըստ Խաչատրյանի՝ բարեփոխումները վերաբերում են առավել խոցելի խմբերին՝ 90 տարեկանը լրացած և բարձր, նաև՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող կենսաթոշակառուներին:
Ըստ փոփոխության՝ վերը նշված տարիքային խմբի թոշակառուները պարտավոր չեն լինի անձը հաստատելու նպատակով տարին մեկ ներկայանալ բանկ: 90 տարին լրացած և բարձր տարիք ունեցող անձի կենսաթոշակը կբարձրանա իքս տոկոսով՝ Դավիթ Խաչատրյանը չհնչեցրեց կոնկրետ թիվ, բայց նշեց, որ վերահաշվարկը կիրականացվի պրոգրեսիվ աճի սկզբունքով:
Հաշմանդամ երեխա խնամող թոշակառուների համար նախատեսված է, ստաժ համարվող խնամակալության 10 տարին ավելացնել՝ հասցնելով 18-ի: Արդյունքում՝ հաշմանդամ երեխա ունեցող և խնամող 600 կենսաթոշակառուից 150-ի թոշակը կավելանա 11 հազար դրամով:
Ըստ Դավիթ Խաչատրյանի օրենքի՝ նախագիծն անցել է հանրային քննարկման փուլը, կհաստատվի Կառավարությունում, այնուհետև՝ ԱԺ-ում: Մոտավոր հաշվարկով՝ բարեփոխումները կյանքի կկոչվեն այս տարվա երկրորդ կիսամյակում: