ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի վերաբերյալ նախարարությանն առնչվող դրույթների կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Ըստ Առաքելյանի՝ համավարակով պայմանավորված՝ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում իրականացվել է 11 միջոցառում, որի ընթացքում ավելի քան 25 միլիարդ դրամ հատկացվել է սոցիալական ծրագրերին:
«Հիմնականում միջոցառումներն ուղղված են եղել ուղիղ ֆինանսավորմանը, սոցիալապես անապահով խմբերին, նաև աշխատատեղի պահպանման համար աջակցություն ու կոմունալ վճարների համար փոխհատուցում: Տարբեր միջոցառումներով հանրագումարային շուրջ 1 միլիոն շահառու ստացել է աջակցություն»,- նշեց նախարարը:
Մյուս կարևոր ուղղությունը, ըստ նրա՝ պատերազմից հետո Արցախի քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերն են: Այդ ուղղությամբ մոտ 15 ծրագիր է իրականացվել, որոշ ծրագրեր շարունակում են գործել, հատկացվել է շուրջ 25 միլիարդ դրամ, ֆինանսավորման չափն ավելանալու է ևս 30 միլիարդ դրամով:
«Բնական է, ըստ անհրաժեշտության, Արցախի սոցիալական ծրագրերը շարունակվելու են, մի շարք ծրագրեր արդեն իրականացվում են նաև Արցախի կառավարության հետ համատեղ: Ծրագրերը եղել են ուղիղ ֆինանսական բնույթի: Պատերազմի հետևանքների մեղմման սոցիալական ծրագրերի մյուս խումբը վերաբերում է զոհված անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց: Մասնավորապես՝ հուղարկավորության ծախսերի փոխհատուցման մասով հատկացումներ են կատարվում՝ 700 հազար դրամ և 1 միլիոն 400 հազար դրամ:
Նաև Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հետ համատեղ երկու ծրագիր է իրականացվում. անհայտ կորած անձանց ընտանիքներին տրամադրվում է 6 ամսվա կտրվածքով 300 հազար դրամ աջակցություն՝ մինչև իրավական կարգավիճակի հստակեցումը, և ծանր վիրավորների մասով տրամադրվում է նմանատիպ աջակցություն՝ մինչև հաշմանդամության խմբի տրամադրումը»,- նշեց Առաքելյանը:
Նախարարի խոսքով՝ սոցիալական ծրագրերի արդյունավետության ու հասցեականության շնորհիվ ՀՀ տեղափոխված արցախցիների գերակշիռ մասը՝ շուրջ 110 հազար հոգի, վերադարձել է Արցախ, Հայաստանում է մնացել մշտական բնակության վայրերը կորցրած արցախցիների մի մասը՝ շուրջ 30 հազար հոգի: