Եթե անձին անհրաժեշտ է այնպիսի միջամտություն, որը Հայաստանում չի կարող իրականացվել, ապա գործընթացի մեկնարկը տրվում է պաշտպանության նախարարության կողմից՝ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Լենա Նազարյանի հարցին:
«Պաշտպանության նախարարությունը դիմում է առողջապահության նախարարությանը կից ստեղծված մասնագիտական հանձնաժողով, ստանում է հանձնաժողովի կարծիքը դիմումի վերաբերյալ, այնուհետև դիմում է Կառավարություն՝ ֆինանսական միջոցների հատկացման և անձին արտերկիր տեղափոխելու համար։ Նախարարությունն էլ, իր հերթին, գործընկեր բժշկական կենտրոնների մասին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը, վստահություն է ձեռք բերում, որ այն բժշկական հաստատությունը, որտեղ ուղղորդում են մեր զինվորներին, լավագույնս են ծառայելու նրանց ապաքինմանը, ինչպես նաև մշտապես կապ է պահպանում և՛ հարազատների, և՛ պաշտպանության նախարարության գործընկերների հետ»,- մանրամասնել է նախարար Ավանեսյանը։