ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքում և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողի օր:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով ներկայացված է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի օրենսդրական ամրագրման առաջարկը, նախագծի ընդունումն էլ պայմանավորված է Կառավարության որդեգրած հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:
«Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որի նպատակն է հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը և ամրապնդել հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունը, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այլև գնահատվի, լինի շահավետ և առավել գրավիչ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ներկայումս օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների ցանկը տրամադրվում է ՀՀ ԿԲ-ին, որն էլ իր հերթին տեղեկացնում է առևտրային բանկերին՝ վարկ ստանալիս ռիսկային չափանիշների գնահատման գործընթացում հաշվի առնելու նպատակով:
«Միաժամանակ՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործարար համբավը բնութագրող գործիք է, և այլ հավասար պայմաններում վերջիններիս մրցակցային առավելություն է տրամադրում: Նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ»,- նշեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ նախագծի ընդունումից հետո Կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը:
Իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում նախագծով նախատեսվում է սահմանել հարկ վճարողի օր՝ հաշվի առնելով պետբյուջեում եկամուտների ծավալում հարկերի գերակշիռ ազդեցությունը:
«Առաջարկում ենք ապրիլի 19-ը որպես ՀՀ-ում առաջին հարկային օրենքի ընդունման օր, սահմանել հարկ վճարողի օր: Նշված օրն իր ազդեցությունը կունենա հարկային մարմին - հարկ վճարող հարաբերությունների մերձեցման կամ այլ որոշակի ծառայությունների մատուցման կոնտեքստով»,-նշեց Հովհաննիսյանը:
Նախագծիը բյուջեի վրա ազդեցություն չունի և միայն ավելացված արժեքի հարկ վճարողները կարող են դառնալ օրինապահ հարկ վճարող՝ ընդգծեց Հովհաննիսյանը հավելելով՝ վերջին տարիներին օրինապահ հարկ վճարողների թիվը մինչև15 հազար է: Նախորդ տարի օրինապահ հարկ վճարողի հավաստագրի դիմու է ներկայացրել 256 հարկ վճարող, բավարարվել է 140 դիմում: