Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի համարում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին: Իշխանության ներկայացուցչի կարծիքով՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը գտնելու է ցանկացած պատճառ արտահերթից խուսափելու համար:
Վարչապետի և նախագահի հետ հանդիպումներից հետո Էդմոն Մարուքյանը հայտարարել էր՝ կողմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը, սակայն գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի 1-ը: Այսօր էլ երկրորդ ընդդիմադիր ուժի ղեկավարը հիշեցնում է՝ մեկ ամիս է՝ իրենք խոսում են ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: «Լուսավոր Հայաստանի» օրակարգը չի փոխվել, Մարուքյանը վերահաստատում է՝ եթե Փաշինյանը հրաժարական տա, վարչապետի թեկնածու չեն առաջադրի, իսկ եթե այլ խմբակցությունից առաջադրում լինի, քվեարկությանը չեն մասնակցի:
Մոտ մեկ շաբաթ առաջ շրջանառության մեջ դրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը: Մարուքյանն ասում է՝ թեև աշխատանքային խմբում իրենց պատգամավորներն ընդգրկված են եղել, սակայն ներկայացված առաջարկները չեն ընդունվել: Իշխանությունը առաջարկում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցնել փակ համամասնականի: «Լուսավոր Հայաստանը», սակայն, սկզբունքային առարկություն ունի: Նախընտրում են բաց համամասնական ընտրակարգը: Փակի դեպքում քաղաքացին քվեարկում է միայն կուսակցության օգտին, Մարուքյանն ասում է՝ բացը քաղաքացիներին հնարավորություն կտա քվեարկել նաև ցուցակում ներառված թեկնածուներից նախընտրելիի օգտին:
Ալեն Սիմոնյանը մինչդեռ պնդում է՝ քաղաքական դաշտի 80 տոկոսը ի հեճուկս հրապարակային հայտարարությունների, տարբեր պատրվակներով փորձում է խուսափել արտահերթից: Ըստ նրա՝ այդ ուժերը գիտակցում են, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը: Ազգային ժողովի փոխնախագահը, այդուհանդերձ, հավելում է՝ ընդդիմադիր գործընկերների հետ քննարկումները շարունակվում են, այդ թվում՝ ընտրությունների անցկացման ժամկետի շուրջ:
Խորհրդարանական թվով ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ պատրաստ է ընտրությունների: Գագիկ Ծառուկյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ երկրում ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը վարչապետի հրաժականն է և արտահերթ ընտրությունների անցկացումը: Պատրաստակամություն էր հայտնել այդ օրակարգով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ե՛րբ կհանդիպեն Փաշինյանն ու Ծառուկյանը՝ դեռ հստակ չէ:
Խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ միասնական դիրքորոշում չի հրապարակել նաև արտախորհրդարանական ընդդիմությունը: