Մարտի 20-ից մինչև ապրիլի վերջը երևանյան ցուցասրահներում, դահլիճներում և կինոթատրոններում դարձյալ կսկսվի ֆրանսիական մշակույթի շքահանդեսը, որը դեսպան Լաքոտը նախընտրում է Ֆրանկոֆոնիայի սեզոն անվանել: Տասնյակ միջոցառումներով՝ հայ-ֆրանսիական լուսանկարչական ցուցահանդեսով, Ֆրանկոֆոնիայի չորրորդ կինոփառատոնով, Ֆրանկոֆոնիայի մրցույթներով գերհագեցած ծրագիրը դարձյալ կվերահաստատի ծրագրի կենսունակությունն ու անհրաժեշտությունը:
Ժոնաթան Լաքոտ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան - Հայաստանն ընտրել է Ֆրանկոֆոնիան, որի այցեքարտը մշակութային բազմազանությունն է: Ուզում ենք, որ այդ ոգևորվածությունը շարունակվի նաև հետագայում, և մեր ներկայությունը շարունակվի այստեղ:
Ապրիլի 6-13-ը «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվելիք կինոփառատոնը կբացվի պոետ, դրամատուրգ Էդմոն Ռոստանին նվիրված Ալեքս Միխալիկի «Էդմոն» ֆիլմով: Կցուցադրվի նաև Վենսան Սորելի «Կինոգործիչը տիեզերագնաց է» ֆիլմը, որը ռեժիսորն ստեղծել է ոգեշնչվելով Արտավազդ Փելեշյանի կերպարից: Հատուկ երևանյան պրեմիերայի առիթով Սորելը կգա Երևան և Փելեշյանի հետ կմասնակցի ֆիլմին հաջորդած քննարկմանը:
Դեսպան Լաքոթն անդրադարձավ նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին՝ վստահեցնելով, որ հետպատերազմական իրավիճակում այդ հարցն առավելագույն չափով մտահոգել է Ֆրանսիային:
Ժոնաթան Լաքոտ - Պատերազմի վերջում նախագահ Մակրոնը մշակութային ժառանգության հարցերը քննարկելու համար հատուկ ժողով էր հրավիրել: Իհարկե, շատ ենք ցանկանում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա արդյունավետ և կարճ ժամկետներում ուսումնասիրություններ կատարել տարածաշրջանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն էլ փաստում է, որ այդ ուսումնասիրությունները դեռ չեն կատարվել, ինչի համար շատ ցավում ենք:
Միաժամանակ, դեսպանը հիշեցրեց Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային կենտրոնի ղեկավար Շառլ Պերսոնայի Հայաստան այցի մասին, որի ընթացքում նա եղել էր Էջմիածնում, Մատենադարանում, Ազգային պատկերասրահում և ծանոթացել 44-օրյա պատերազմից հետո Արցախից բերված մշակութային արժեքներին: Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձին Ֆրանսիայի աջակցությանն ու դիրքորոշմանը, դեսպանը փաստում է՝ այդ հարցում Ֆրանսիայի դիրքորոշումն աներկբա է:
Ժոնաթան Լաքոտ - Այս հարցում Ֆրանսիայի գործադրած ջանքերը կասկածի տակ առնել չենք կարող: Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք՝ հիմք ընդունելով ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև միջազգային համաձայնագրերով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության նորմերը:
Դեսպան Լաքոտի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր էլ միակ ձևաչափն է, որի միջոցով հնարավոր է հասնել Արցախի հարցի դիվանագիտական լուծմանը: Ժոնաթան Լաքոտը նաև տեղեկացրեց, որ Մինսկի խմբի համանախագահներն այժմ քննարկում են տարածաշրջան այցի հնարավորությունը: