ԱՄՆ իշխանությունները որոշել են ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» միջադեպի պատճառով՝ հայտնում է РИА Новости-ն:
Նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 18-ից և վերաբերում են ազգային անվտանգության հետ կապված արտահանումներին:
Մարտի 1-ին Վաշինգտոնը հրապարակեց Ռուսաստանի այն պաշտոնյաների ցուցակը, որոնց նկատմամբ կիրառվելու են ամերիկյան կողմի նախաձեռնած սահմանափակումները: Ցուցակում ընդգրկված են Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, պաշտպանության փոխնախարարներ Ալեքսեյ Կրիվորուչկոն և Պավել Պոպովը, Կրեմլի ներքին քաղաքականության վարչության պետ Անդրեյ Յարին:
ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև պաշտպանության նախարարության 27-րդ գիտական կենտրոնը, ՊՆ 33-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը, ՊՆ օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի գիտական հետազոտական ինստիտուտը:
Ռուսաստանը ներառված է նաև այն 14 պետությունների ցուցակում, որոնց հետ լրիվ արգելված են զենքի արտահանումն ու ներմուծումը: