Կանադայի Համայնքների պալատի արտաքին գործերի և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովի` վերջերս հրապարակած փաստաթղթերից պարզվել է, որ Թուրքիան դիմել է WESCAM սարքավորումներ ստանալու թույլտվության համար, որոնք նախատեսված են Ադրբեջանի համար՝ գրում է ahvalnews-ը:
Խորհրդարանական հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերում նշված է, թե ինչպես են ավիահարվածների համար նախատեսված կանադական արտադրության սարքավորումները 2020 թ. հայտնվել Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ` Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նշելով որպես արտադրանքի վերջնական սպառող:
Կանադան անցած մայիսին թույլատրել էր L3Harris Wescam-ի արտադրած յոթ MX-15D ավիահարվածային համակարգերի արտահանումը Թուրքիա: Դրանք նախատեսված էին թուրքական անօդաչու արտադրող Baykar-ի համար՝ չնայած 2019-ին գործող զենքի էմբարգոյին, որն արգելում էր ռազմական սարքավորումների մեծ մասի արտահանումն այդ երկիր:
Կանադան չեղյալ հայտարարեց կանադական անօդաչու սարքերի բարդ տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա, երբ ապացուցվեց, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը օգտագործվել են հայերի դեմ Արցախում:
Անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց բոլոր երկրներին դադարեցնել ռազմական տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա, երբ պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ խոցված թուրքական անօդաչու սարքում հայտնաբերել են բարձր տեխնոլոգիական կանադական մասեր:
Հայ պաշտոնյաները հայտարարում են, որ Bayraktar TB2 հետախուզական և հարձակողական անօդաչու սարքը հագեցած է Օնտարիոյի Բեռլինգթոն քաղաքում գործող L3 Harris WESCAM ընկերության արտադրած տեսախցիկով և թիրախավորման համակարգով: