Տարեց թոշակառուներին պետությունը հավելավճար կտա. գումարը կավելանա նրանց ամեն ամսվա փողին: Առաջարկը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է: Ըստ նախագծի՝ թոշակառուին լրացուցիչ գումար կտրվի՝ 90 տարեկանը լրանալու հաջորդ ամսվանից և ամեն երեք տարին մեկ ֆինանսավորման չափը կավելանա: Որքա՞ն կկազմի հավելավճարը, ըստ փոխնախարար Դավիթ Խաչատրյանի, առայժմ որոշված չէ:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Դա տոկոսային հավելում է լինելու, եթե մարդը 40 հազար է ստանում, 90 տարին լրանալու հետ իքս տոկոսով բարձրանում է: 10, թե՞ 30 տոկոսով կբարձրանա՝ դեռ չեմ կարող ասել:
Այս պահին հստակ է միայն, թե քանի՞ մարդ կօգտվի նորամուծությունից: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ապրում է 90 տարեկանից մեծ 11 հազարից ավելի տատիկ-պապիկ: Երկարակյաց մեր բնակիչները, ոմանք շոկոլադի, մյուսները մրգի կամ դեղերի համար, բյուջեից հավելավճար կստանան, ամենայն հավանականությամբ, տարվա կեսից:
Մեկ այլ փոփոխությամբ՝ առավել խոցելի խմբի՝ շատ ծեր ու հաշմանդամություն ունեցող թոշակառուներին պլաստիկ քարտով փող տալիս պետությունն այլևս չի պարտադրի տարին մեկ բանկ այցելել: Տվյալ անձանց ինքնությունը սոցաշխատողը կհաստատի նրանց տներ այցելելով:
Դավիթ Խաչատրյան - Մեր բարեփոխումը վերաբերում է նրան, որ 12 ամիսը մեկ բանկ ներկայանալու դրույթը դուրս գա 90 տարեկանից մեծ անձանց և առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին:
Սոցապի մշակած երրորդ փոփոխությամբ՝ կավելանա առաջին խմբի հաշմանդամ երեխա խնամողի թոշակը: Գործող կարգավորմամբ՝ սահմանված 10 տարին շուտով կդառնա 18՝ մինչև խնամակալի չափահաս դառնալը: Նման խնդիր ունեցող 600 շահառու կա երկրում: Նրանցից 150-ի դեպքում գործող մեխանիզմով արդեն հաշվարկված-վճարվող թոշակն ավտոմատ կբարձրանա մոտ 11 հազար դրամով:
Դավիթ Խաչատրյան - Օրինակ՝ եթե մինչև հիմա հաշմանդամ երեխա խնամող թոշակառուն ստացել է 31 հազար, հիմա կստանա 42 հազարի կարգի:
Թոշակի-թոշակառուների հետ կապված խնդիրները, պարզվում է, այս ընթացքում ևս մեկով ավելացել են կորոնավիրուսի պատճառով: 63 տարին լրացող արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիներ կան, չեն կարողանում վերադառնալ, որ թոշակի անցնելու դիմում գրեն:
Ինչպե՞ս լուծել նրանց հարցը՝ նախարարությունից խոստանում են, առաջիկայում կորոշեն-կհայտարարեն: