27 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավորություն կստանան առանց նախապայմանների վերադառնալ հայրենիք: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնեց Անդրանիկ Քոչարյանը: Իշխանական պատգամավորների հեղինակած նախագծին արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Քոչարյանը հույս հայնտեց, որ մինչև ամսվա վերջ կառավարությունը նախագծին հավանություն կտա, կուղարկի խորհրդարան:
Պաշտպանության հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին քննարկում էր: Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և պաշտպանության նախարարության զեկույցները ներկայացրեցին կառույցների ղեկավարների տեղակալները: Ներկա էր միայն արտակարգ իրավիճակների նախարարը: Հանձնաժողովի նախագահին և ներկա մի քանի պատգամավորներին հուզող հարցերի շրջանակը կապված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո երկրում ծավալված զարգացումների հետ:
Տելեգրամյան ալիքները կեղծ լուրեր են տարածում, ռազմական դրության պայմաններում զինտեխնիկայի տեղաշարժի մասին տեսանյութեր են հրապարակվում: Այս հարցերով մտահոգ պատգամավորները հորդորեցին ուժային կառույցների ներկայացուցիչներին առավել խիստ միջոցներ ձեռնարկել, իրենց գնահատմամբ՝ ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող այդ երևույթների դեմ:
Բացահայտվա՞ծ են արդյոք Ազգային ժողովին նախագահի նկատմամբ մահափորձ իրականացնողները, այդ թվում՝ պատվիրատուները: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն ասաց՝ նախաքննություն է ընթանում, գործով կան մեղադրյալներ:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվում է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է իրականացվում այն բոլոր հանգամանքների առնչությամբ, որոնք վերաբերում են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում որոշակի տարածքների հանձնմանը կամ հրամանատարության կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարմանը: Քրեական գործում ներկա ու նախկին պաշտոնատար անձինք ի՞նչ կարգավիճակ ունեն, թե՛ ԱԱԾ տնօրենի տեղակալը, թե՛ քննչական դեպարտամենտի ղեկավարը որևէ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ նախաքննություն է ընթանում:
Ծառայության տնօրենը խոսեց աղմկահարույց մեկ այլ՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի էջին առնչվող գործի մասին՝ պնդելով, որ քննությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձավ նաև Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին՝ վստահեցնելով, որ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրենց խնդիրները լուծում են առկա մարդկային և նյութական ռեսուրսների սահմաններում: