ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն ու Արցախի մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակը տեղեկացնում են՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք (անչափահաս շահառուի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը), սոցիալական աջակցություն ստանալու նպատակով անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնեն e-request.am հարթակի կամ mlsa.am պաշտոնական կայքէջի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
Հաշմանդամության սահմանման նպատակով կարող են դիմել բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա):
Բուժհաստատության կողմից տրամադրված ուղեգրի առկայության դեպքում (ձև 088) քաղաքացին կարող է դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոն՝ հաշմանդամության խմբի սահմանման համար։
«Վերոնշյալ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3,000,000 դրամ
երկրորդ խմբի դեպքում` 2,000,000 դրամ
երրորդ խմբի դեպքում` 1,000,000 դրամ
հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3,000,000 դրամ
քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին՝5,000,000 դրամ։
Զոհերի ընտանիքներին տեղեկացնում ենք, որ միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը,
2) զավակը (զավակները),
3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը,
4) դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը:
Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Դիմում լրացնելիս դժվարությունների դեպքում քաղաքացին համապատասխան փաստաթղթերով կարող է ներկայանալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն։
Հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54»,- հայտնում են նախարարությունից: