Կայքերում, տելեգրամյան ալիքներում պարբերաբար տարածվում են տեղեկություններ, որոնք առնչվում են պետական ինստիտուտներին, պաշտպանական ոլորտին, պաշտոնատար անձանց: Երբ վերջիններս պատասխան չեն տալիս, ստացվում է, թե իբր ասվածը ճիշտ է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Վերջերս նաև հրապարակում եղավ, որում խոսք էր գնում ռազմական գնումների մասին, որին առնչվում էին տարբեր մարդիկ, հիմնադրամի հետ կապված ինչ-որ պատմություններ: Ես երեկ ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ անմիջապես քրեական գործեր հարուցվեն՝ անկախ նրանից իշխանության մեջ ես, թե ոչ: Նաև ինձ առնչվող բաներ են եղել, պաշտպանության նախարարի, այլ պաշտոնատար անձանց: Վերջերս անընդհատ գրում եք, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները աստղաբաշխական գներով տներ են առել, այսինքն՝ գնում է վարկաբեկման մի տոտալ գործընթաց, որը բավականին լավ վճարվում է: Դա հատուկ է արվում, և, բնականաբար, պետք է որ լավ վարձատրվի. սուտն է վարձատրվում: Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի միջև, դա արդեն վերածվել է ազգային անվտանգության խնդրի»,- ասաց Քոչարյանը:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք ունե՞ն նման երևույթների դեմ պայքարի ծրագիր, ասաց, որ եթե խնդիրը բացահայտմանն է առնչվում, թե կոնկրետ մեդիառեսուրսն ում է պատկանում, ինչ դաշտում է աշխատում, ԱԱԾ-ն ունի հնարավորութուն պարզելու, թե ով է կանգնած տվյալ ռեսուրսի հետևում:
«Խնդիրն ավելի շատ քրեական դաշտին է վերաբերում. արդյոք այդ մեդիառեսուրսը երբ հրապարակում է կատարում, անցնո՞ւմ է կարմիր գիծը, թե՞ ոչ: Շատ հաճախ իրենք քողարկում են հրապարակումները՝ «ենթադրում ենք», «հավանական է» բառերով, և հետագայում եթե մենք պատասխանատվության կանչենք կոնկրետ անձանց, կասեն՝ ես ենթադրում էի: Կարծում եմ՝ մենք այդպիսի ռեսուրսներ ունենք, որ կարողանանք դրանց դեմ պայքարել»,- ասաց Հարությունյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ ասաց, որ օրեր առաջ լրատվական կայքերից մեկում սպառազինության տեղաշարժի մասին տեսանյութ է հրապարակվել ռազմական դրության պայմաններում: Պատգամավորն առաջարկեց ԱԱԾ-ին, եթե չկան կարգավորումներ այդ մասով՝ ավելի խիստ լուծումների գնալու, համատեղ ջանքերով օրենսդրական այդ կարգավորումները մշակեն ու ստեղծեն:
Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ երեկ էլ Սողոմոն Թեհլերյանի գործողության 100-ամյակն էր, բայց, ըստ նրա, Թեհլերյանն իր գործողությունն արել էր ազգային վրեժի լուծման տեսանկյունից, բայց, պատգամավորի խոսքով, երեկ նույնիսկ Զարուհի Փոստանջյանը ձեռքի ատրճանակային շարժումով պատկերացնում էր ինչ-որ պետական գլուխներ պաշտոնյաների, որ բոլորին պետք է հարվածել:
«Նեմեսիսը» պետք է որ լուծարված լիներ, բայց կարծում եմ, որ գուցե ոչ Նեմեսիս անունով, բայց կան որոշ կուսակցություններ, որոնք ունեն գաղտնի նման պահպանված կառույցներ: Վերջին տասնամյակների ընթացքում մենք առնչվել ենք «Դրո» կառույցի հետ: Պարզվեց, որ Նեմեսիսը լուրջ նորից պահանջարկ է կառուցում, իսկ այդ պահանջարկը նշանակում է՝ կան ուժեր, որ մեր երկիրը փորձելու են մտցնել ներքին քաոսի մեջ. ընդ որում հոկտեմբերի 27-ը ոչ պակաս «Նեմեսիսի» գործողությանը նման էր»,- ասաց Քոչարյանը: