2021 թվականի մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական շենքում Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադան և Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի տնօրեն Քնարիկ Դավթյանը ստորագրեցին «Ականազերծման գործողությունների համար նախատեսված բժշկական օգնության և առաջին օգնության դասընթացներ» ծրագրի պայմանագիրը։
Ստորագրման արարողությանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուրեն Սահակյանը, Հումանիտիար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք։
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում են ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում, հատկապես՝ աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։
Ծրագրի առանցքային պարագան հատուկ կահավորված Toyota Land Cruiser մակնիշի շտապ օգնության մեքենայի ձեռքբերումն է, որի առկայությունը, ի թիվս վերոնշյալի, դժբախտ պատահարների դեպքում կապահովի ականազերծողների առաջին բուժօգնությունը, ինչը բխում է ականազերծման միջազգային չափորոշիչներից։
Այսպիսով, Հայաստանում հումանիտար ականազերծման կարողությունները կավելանան ժամանակակից սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով, ականային պատահարներից տուժած անձանց կընձեռնվի հնարավորություն տեղում ստանալու նախնական բուժզննում, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, տեղափոխվելու մոտակա բժշկական կենտրոն, իսկ սահմանամերձ շրջանի երեխաներին ակնդետ հասու կդառնա առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։
Ծրագիրը կտևի մեկ տարի, և շահառու կդառնան մոտ 40000 անձինք, որից մոտ 38000-ը՝ աշակերտներ։
Պայմանագրի գումարը կազմում է 83096 ԱՄՆ դոլար, որից Ճապոնիայի կառավարության ներդրումը կազմում է 75000 ԱՄՆ դոլար, իսկ Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի ներդրումը՝ 7800 ԱՄՆ դոլար։
Ներկաները բարձր գնահատեցին Ճապոնիայի կառավարության օժանդակությունը ՀՀ-ում ականային վտանգի նվազեցման և դեռահասների մոտ անվտանգ վարքագծի կանոններ ձևավորելու հարցում:
Ամբողջ ծրագրի ընթացքում աշխատանքների որակի վերահսկողություն կիրականացնի հակաականային գործունեության ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։