Հայաստանում սոցիալական աշխատանքը ստեղծվել է մեծ ճգնաժամերի՝ 88-ի երկրաշարժի և Արցախյան առաջին պատերազմի արդյունքում՝ նշում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: Անցնելով զարգացման տարբեր փուլերով, իսկ նախորդ տարի նաև՝ COVID-ի ու 44-օրյա պատերազմի ճգնաժամերով՝ այսօր այդ մասնագիտությունը ներառված է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող բոլոր ոլորտներում: Սկսվել է որակապես նոր փուլ, երբ ոլորտում պետք աշխատեն բացառապես պրոֆեսիոնալները:
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀԲ համակարգմամբ՝ ասոցիացիան սկսել է պատերազմից հետո արցախցիների կարիքների համալիր գնահատման խոշոր ծրագիրը: Նրանց սոցիալական, առողջապահական, բնակարանային կարիքների գնահատումից և կորուստների քարտեզագրումից հետո կմշակվի ռազմավարական ծրագիր, որը կխթանի Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերի ավելի քան 11000 խոցելի անձանց ինքնազբաղվածությունը: Իսկ 300 շահառու կստանա բիզնեսի իրականացման 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ, նաև կվերապատրաստվեն մարզերի 200 սոցիալական աշխատողներ:
Հայաստանում այժմ աշխատում է 4000-ից ավելի սոցաշխատող. մասնագիտությունը դասավանդվում է 6 համալսարանի 10 ֆակուլտետում: Ըստ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանի՝ տարեցտարի աճում է մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը:
Ջերմուկի համայնքային սոցաշխատող Մարիամ Առաքելյանի գնահատմամբ՝ մասնագիտական հմտություններից բացի, շատ կարևոր է կարեկցանքի ու ապրումակցման կարողությունը:
Օգտվելով մասնագիտական օրվա առիթից՝ ասոցիացիայի անդամները մեկ անգամ ևս ընդգծեցին սոցաշխատողներին արժանապատիվ պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը, որի դեպքում միայն հնարավոր կլինի նրանց մարդակենտրոն աշխատանքը: