Ներկայացնենք ԱԳ նախարար Արա Այվազյանի մամուլի համար հայտարարությունը Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով.
«Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ ողջունել շվեդ իմ գործընկեր Անն Լինդեին Հայաստանում՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կատարվող այցի շրջանակներում: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին:
Տիկին Լինդե,
Դուք այսօր Հայաստան եք այցելում որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Հատկանշական է, որ եվրոպական անվտանգության համար այս դժվարին ժամանակներում Շվեդիան, որի միջազգային խաղաղության համար կատարած ներդրումը հայտնի են բոլորին, ստանձնել է կարևոր այս կազմակերպության ղեկավարումը:
Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել և արգասաբեր գործունեություն մաղթել Ձեզ այս պատասխանատու առաքելության մեջ: Ցավալի է, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին ծրագրված Ձեր այցը տարածաշրջան հետաձգվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով:
Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր:
Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները:
Ավելին, անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավվումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում: Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ. զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման։
Հարգելի գործընկերներ,
Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա: Մենք նաև կարիք ունենք ամուր և համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը:
Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ: Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ։
Ընթացիկ տարվա ապրիլ-օգոստոսին Հայաստանը ստանձնելու է ԵԱՀԿ որոշում ընդունող մարմիններից մեկի՝ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը: Այս համատեքստում մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք սերտորեն համագործակցել ԵԱՀԿ շվեդական նախագահության հետ՝ քաղաքական-ռազմական ոլորտում կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ:
Ինչպես նշեցի, այսօր կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին: Հայաստանին ու Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ և այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու տեսլականը: Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն էր անդրադառնալու տարբեր ոլորտներում համագործակցության ներուժին և ուրվագծել դրա լիարժեք իրացման գործում համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Իհարկե, այս գործընթացում առանձնակի դերակատարություն ունի տեղում մեր դեսպանների և դեսպանությունների ակտիվ աշխատանքը և այս տեսակետից կուզենայի ողջունել ՀՀ-ում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գործում շվեդական կողմի ցուցաբերված աջակցությունը:
Տիկին Լինդեի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Ընդունելով գործընկերոջս շնորհավորանքները ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնեցի, որ համաձայնագրի լիարժեք իրականացումը նոր հնարավորություններ կընձեռի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա ամրապնդման համար:
Այսքանով կսահմանափակվեմ, և խոսքը սիրով կփոխանցեմ տիկին Լինդեին:
Շնորհակալություն»: