Պատկերացրեք՝ օրվա ընթացքում ձեր խմած մի քանի բաժակ սուրճի մնացորդը կարող է դառնալ կենսաբանական պարարտանյութ, որն այդքան անհրաժեշտ է գյուղատնտեսության համար։ Եվ ոչ միայն սուրճի, այլ ցանկացած մրգի, բանջարեղենի թափոնը։
Փորձարկում են նաև գարեջրի թափոնից կենսաբանական մանրէներ ստանալ: ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների նորարարական կենտրոնում թափոնից մանրէ աճեցնելու միջոցով արդեն կենսաբանական պարարտանյութի առաջին արդյունքն են ստացել սուրճից։
Լիաննա Վանյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող) - Սրանք, օրինակ՝ սուրճի տարբեր կերպով մշակված թափոններ են, և այստեղ, օրինակ՝ արդեն կան մանրէներ։ Պարարտանյութերը ունենալու են հեղուկ տեսք։
Մասնագետները վստահ են, որ բույսի բերքատվությունը կախված է հողում կենսաբանական մանրէների պակասից։ Իսկ դրա ոչնչացմանը նպաստում են հատկապես քիմիական պարարտանյութերն ու դրանց ոչ ճիշտ օգտագործումը։ Աշխարհի շատ երկրներ դեռևս անցած դարի 50-ականներից հրաժարվել են քիմիական պարարտանյութերից։
Կարեն Թռչունյան (MiCoFe ստարտափ թիմի ղեկավար) - Մենք դեռ շարունակում ենք օգտագործել քիմիական պարարտանյութեր, իսկ կենսաբանական պարարտանյութերի օգտագործումը կբերի ընդհանրապես տարբեր հիվանդությունների նվազմանը, ծանր մետաղներով հողերի աղտոտվածության նվազմանը։
Հայաստանում սննդային թափոնը տոննաներով է՝ ասում է Կարեն Թռչունյանը։ MiCoFe ստարտափ թիմը շահել է նաև Եվրամիության «Ագրիթեք» նորարարական տեխնոլոգիաների 12 հազար եվրո դրամաշնորհը, որով նախատեսվում է գնել «կելդալի» կոչվող սարքը, որն էլ հողում կորոշի ազոտի և սպիտակուցների քանակը։ Սարքը բաց դաշտում ու փակ ջերմոցում հողի թեստավորումից հետո միայն հնարավոր կլինի որոշել՝ որ հողում ի՛նչ ցանել ու կենսաբանական ի՛նչ պարարտանյութ օգտագործել։