Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, ավագանու այսօրվա նիստին ներկայացնելով Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, նշեց, որ բյուջեի փաստացի եկամուտները նախորդ տարի կազմել են 73.3 միլիարդ դրամ՝ ծրագրված 84.9 միլիարդ դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է ընդհանուր առմամբ 86.4%:
«Ընդ որում՝ Երևանի 2020 թ. բյուջեի վարչական մասով ծրագրված 82.9 միլիարդ դրամ եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 73.2 միլիարդ դրամ՝ ապահովելով 88.6% կատարողական: 2020 թ. բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 27 միլիարդ դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 24.5 միլիարդ դրամ կամ 90.8%: Ցուցանիշը պակաս է 2019 թ. համապատասխան ցուցանիշից 0.473 միլիոն դրամի չափով: Երևանի 2020 թ. բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 64 միլիարդ դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրերի 63.5%-ը:
Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև Քովիդ-19-ի, արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ: Հարկ է նշել, որ 2020 թ. բյուջեի ծրագրված, ճշտված 16.3 միլիարդ դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 9 միլիարդ հավելորդով»,- նշեց փոխքաղաքապետը:
Երևանի 2020 թվականի բյուջեի փաստացի եկամուտները 23.1%-ով ձևավորվել են հարկային եկամուտների և տուրքերի հաշվին, որից 6.6%-ը՝ գույքային հարկեր անշարժ գույքից, 11.8%-ը՝ գույքային հարկեր այլ գույքից, 4.2%-ը՝ տեղական տուրքերից, 0.5%-ը՝ համայնքային բյուջե վճարվող պետական տուրքերից: Հաշվետու ժամանակահատվածում փաստացի եկամուտների 30.8%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհների հաշվին, 46.1%-ը՝ այլ եկամուտների հաշվին:
Հարկային եկամուտների հավաքմանն անդրադառնալով՝ փոխքաղաքապետը նշեց, որ նախորդ տարի փոխադրամիջոցների համար գույքահարկը հավաքվել է ծրագրվածից 321 միլիոն դրամով պակաս, որը իր հերթին կազմում է հարկային եկամուտներից ստացված եկամտի 51.1%-ը: Տեղական տուրքերը կազմում են 47.2% տեսակարար կշիռը:
«Տեղական տուրքերի մասով եկամտի հավաքումը ևս ոչ այդպես բավարար հավաքագրում է ապահովել՝ փաստացի կազմելով 3 միլիարդ 90 միլիոն դրամ՝ ծրագրված 3.1 միլիարդ դրամի դիմաց: Կատարողականը՝ փաստացի տոկոսային հարաբերությամբ, կազմել է 97.8%: Հարկային եկամուտների և տուրքերի մասով 2020-ի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 16.9 միլիարդ դրամ՝ ծրագրված, ճշտված 18.4 միլիարդ դրամի փոխարեն»,- հավելեց Ներսեսյանը: