Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իրատեսական չէ, նա արձագանքել է Վազգեն Մանուկյանի առաջադրած կետերին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք՝ Լ.Տեր-Պետրոսյանն ասել էր, որ վարչապետը պետք է հրաժարական տա և անձնեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանի այլ երկրում:
«Առաջին նախագահը շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց, իսկ այսօր հայտնի ուժերի դերում հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանն ունի առաջնային մանդատ և առաջարկում է արտահերթ ընտրությունների միջոցով լուծել իշխանության խնդիրը: Ես տեսնում եմ, որ առաջին նախագահը միացավ «17+» ուժերին, նրա հայտարարությունը ցանկալի էր միայն նրանց, ինչն ինձ համար անթույլատրելի է»,- ընդգծեց Քոչարյանը:
Անդրադառնալով Լ.Տեր-Պետրոսյանի մեկ այլ հայտարարությանը, թե այս իշխանության կազմակերպած ընտրություններն ազատ չեն լինի, ընտրատեղամասերում լարվածություն կլինի, պատգամավորն ասաց, որ առաջին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկել են, բայց պետք է փաստերով խոսել: «Որևէ փաստ կա՞, որ այս իշխանությունը կեղծել է ընտրություները, ոչ միայն չկա, այլև տարբեր համայնքներում իշխանության թեկնածուները պարտություն են կրել, ինչը նորմալ է: Առաջին նախագահը պետք է վերլուծի բոլոր ընտրությունները և իր հրաժարականի պայմանները, ոչ թե առաջնային մանդատով օժտված իշխանության գործողությունները»,- նշեց Քոչարյանը: