Նշելով, որ սիրիական ճգնաժամի հաղթահարման միակ տարբերակը միջազգային օրենքի համաձայն խաղաղ մոտեցումն է, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը շեշտել է, որ ԱՄՆ զորամիավորումներն անհապաղ պետք է դուրս բերվեն Սիրիայի տարածքներից: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանի դեսպանը հայտարարել է, որ վերջին տասը տարվա ընթացքում սիրիացիները տառապել են սիրիական հակամարտությունից, ինչը բացասական հետևանքներ է ունեցել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության վրա: Իրանի դիվանագետի հավաստմամբ՝ դա այլևս չի կարող և չպետք է շարունակվի:
Մաջիդ Ռավանչիի հավաստմամբ՝ սիրիական հակամարտության 10-րդ տարելիցին բոլոր ջանքերը պետք է գործադրվեն ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Իրանի դեսպանը նշել է, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի և պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով: