Արդյոք մշակույթը վերանո՞ւմ է այնտեղ, որտեղ սկսվում է պատերազմը:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ Արցախում կատաղի մարտեր էին, Սիրանուշն ընկերների հետ որոշեց պայքարել պատերազմի դեմ ամենաուժեղ զենքով՝ արվեստով: Այդպես սկսեցին խճանկար- հայելիների նախագիծը:
Սիրանուշ Աղաջանյան (արվեստագետ) - Երբ պատերազմի ամենաթեժ պահն էր՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, մենք ստեղծագործում էինք, մեր հոգեբանական վիճակը, իհարկե, լավ չէր, բայց հակառակ դեպքում ավելի վատ կլիներ․ այդպես էինք կարողանում ինքներս մեզ համոզել, որ պետք է շարունակենք ապրել:
Գործերն ստեղծվել են Սիրանուշի արվեստանոցում՝ Ֆիրդուսի թաղամասում: Այժմ դրանք ներկայացված են Ջիոտտոյի արվեստանոց-թանգարանում: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 30-ը, ինչից հետո կտեղափոխվի «Իլիկ» արտ-սրճարան: Վաճառքից ստացված գումարը հեղինակները տրամադրելու են Արցախյան պատերազմում վիրավորված զինվորներին:
Սիրանուշը խճանկարների ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ է համագործակցում թանգարանի հետ. մինչ այժմ նրա գործերը զարդարել են քաղաքի փողոցները՝ խաղաղ երկնքի տակ: Ասում է՝ ցուցհանդեսի կարգախոսն է «Չենք պատերազմելու»:
Ցուցահանդեսին, սակայն, միայն խճանկարներ չէին ներկայացված. այցելուները կարող էին ունկնդրել նաև պատերազմից ոգեշնչված ու պատերազմին ընդդիմացող Sound art երաժշտական գործը: Հեղինակը՝ Անահիտ Ստեփանյանը, Սիրանուշի աշակերտուհին է, իմացել է վերջինի նախաձեռնության մասին ու որոշել միանալ:
Անահիտը շատ խոսել չի սիրում. բառերին փոխարինելու են գալիս երաժշտությունն ու վրձինը: Ասում է՝ իր գործով, որն ստեղծվել է պատերազմի ընթացքում, փորձել է փոխանցել իր տխրությունը, սպասողական վիճակն ու հպարտությունը՝ ընկերներով, որոնք մարտի դաշտում փորձում էին ատամներով պահել հայրենի հողը: