Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում իրականացվել է էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագիր:
Ամփոփվել են ՇՄՆ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» դրամաշնորհային ծրագրերը:
ՊՏԱԾ-Հ ծրագրի փոքր դրամաշնորհային բաղադրիչի երրորդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Հզոր ապագա» սոցիալական ՀԿ-ն Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում իրականացրել է էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագիր, որը միաժամանակ կապահովի նաև դիսպանսերի ֆինանսական կայունությունը։
Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում տեղադրվել է եռաֆազ 37,0 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի տարեկան հզորությունը կազմում է 53,850 կՎտ/ժ` նշյալ կառույցի համար ապահովելով շուրջ 2,4 մլն ՀՀ դրամ խնայողություն։
2020 թ․ մայիս - 2021 թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածում ընդհանուր արտադրվել է 29174,6 կվ/ժ էներգիա՝ կազմակերպության համար ապահովելով 2625,7 դոլարին համարժեք ՀՀ դրամի եկամուտ։
Վերոնշյալ ժամանակահատվածում կայանի տեղադրման շնորհիվ մթնոլորտ չի արտանետվել 29,1 տ ածխաթթու գազ և 875,3 կգ ծծմբի օքսիդ:
Բաշխիչ էլեկտրական ցանցի և բուժական հիմնարկի միջև կնքվել է նոր պայմանագիր, տեղադրվել է նոր ռևերսային էլեկտրական էներգիայի հաշվիչ, և անցկացվել է նոր մալուխ՝ արևային կայանից մինչև էլեկտրական հոսանքի ենթակայան։
Կայանը կառուցողի կողմից տեղադրվել է հեռավար տեսադիտարկման սարք, այն միացվել է համացանցին։
Դիսպանսերում տեղադրվել են նաև 54 քմ ընդհանուր մակերեսով 19 ջերմամեկուսիչ պատուհաններ, որի արդյունքում հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակները, վարչական աշխատասենյակները, ճաշարանը և դեղատունն այժմ ապահովված են ջերմամեկուսիչ պատուհաններով։