Երևանի ավագանու նիստին այսօր գույքահարկի արտոնություն սահմանելու մասին նախագիծ ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է փոխադրամիջոցների արտոնությանը:
2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախում տեղի ունեցած պատերազմի հետևանքով զինհաշմանդամություն ունեցողների թիվը զգալիորեն աճել է, սակայն գործող օրենքի դրույթներով՝ հաշմանդամություն ունեցող անձանց գույքահարկի արտոնության տրամադրում սահմանված չէ:
«Պատերազմի մասնակիցները, մասնավորապես, զինհաշմանդամները, այսօր գտնվում են ծանր սոցիալական և հոգեբանական կարգավիճակում: Սույն օրենքով փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են պետական սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն նմանատիպ նվիրատվություններ կատարվել են նաև այլ բարեգործական ծրագրերի շրջանակում, մասնավորապես՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, որոնք չեն համարվում պետական սոցիալական ապահովության մարմիններ:
Արցախյան պատերազմի ընթացքում բազմաթիվ անձինք կորցրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող փոխադրամիջոցները: Նշված անձինք փոխադրամիջոց փաստացի չունենալով հանդերձ պարտավոր են վճարել գույքահարկի պարտավորություններն ու հաշվարկված տույժերը: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ներկայացրել ենք փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն սահմանելու մասին որոշման նախագիծը»,- նշեց փոխքաղաքապետը՝ ընդգծելով՝ արտոնությունը հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա չի տարածվի: