Երևանի ավագանու այսօրվա նիստին փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը ներկայացրեց նախագիծ, որով Երևան համայնքում գործող շախմատի 12 մարզադպրոցներից մեկի՝ Երևանի կենտրոնի «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հենքի վրա կհիմնվի մարզաձևի բարձրագույն վարպետության մարզադպրոց, դրա միջոցով կմշակվեն և կիրացվեն ուսումնամարզական համապատասխան ծրագրեր, ուսումնամարզական գործընթացի բարձրագույն վարպետության փուլի միջոցով կձևավորվեն Երևան քաղաքի և ՀՀ-ի հավաքական թիմեր:
Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շախմատի մակապատանեկան մարզադպրոցներում 10 տարիների ընթացքում իրականացվում է ուսումնամարզական գործընթաց 5-18 տարեկան մարզիկների համար: 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ այդ մարզադպրոցներ է հաճախում 2696 երեխա՝ նշեց Մելքոմ-Մելքոմյանը:
«Կան տաղանդավոր աշակերտներ, որոնք ընդունակ են հաջողությամբ պայքարելու միջազգային ասպարեզում, սակայն մանկապատանեկան մարզադպրոցներում նրանք անցնում են մանկապատանեկանից մինչև մարզական կատարելագործման փուլ, և բաց է մնում բարձրագույն վարպետության փուլը, ինչն այսուհետ կլրացվի բարձրագույն վարպետության մարզադպրոցի գործունեությամբ»,- հավելեց Երևանի փոխքաղաքապետը: