Ավագանու նիստում ամեն ինչ հանգիստ էր, մինչև վարչապետին ուղղված մեղադրանք չէր հնչել ամբիոնից: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանից» Արմեն Ներսիսյանին՝ վերջին շարքից ընդդիմադիր «Լույսից» Անի Խաչատրյանն է արձագանքում, հիշատակում «17+»-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին:
Կրքերն ավելի են բորբոքում «Իմ քայլի« և «Բարգավաճ Հայաստանի» ավագանու անդամները: Սա նիստի վերջին ժամերին: Օրվա սկզբին Երևանի ավագանին 2020-ի բյուջեի կատարողականն էր քննարկում:
Սերգեյ Ներսիսյան, Երևանի քաղաքապետի տեղակալ - 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 64.3 միլիարդ դրամի ծախսեր՝ ծրագրված 101.1 միլիարդ դրամի դիմաց:
Երևանի քաղաքապետի տեղակալը մայրաքաղաքի նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվությունն է ներկայացնում: Նախատեսված ծախսերը թերակատարվել են համավարակի և Արցախյան վերջին պատերազմի պատճառով:
Սինքրոն Ներսիսյան - Վերելակների փոխարինման մասով պատվիրատուն տեղադրումներն ամբողջական չհասցրեց կատարել, տեղափոխվեց 2021թ., որի արդյունքում 2.5 մլրդ դրամի վճարն ազդեց բյուջեի կատարողականի վրա:
Հաջորդ գործոնը, որ բացասաբար է ազդել բյուջեի կատարողականի վրա, քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ավտոբուսների ձեռքբերմանն է վերաբերում: Մրցույթը հաղթած կազմակերպությունը 2020-ին գնած ավտոբուսների հանձնում-ընդունումը 2021-ին է կատարել:
Սերգեյ Ներսիսյան - 2020-ին սպասվող ավտոբուսները Երևան հասան 2021-ին: Մոտավորապես 1 մլրդ 19 մլն դրամ, փաստաթղթավորումը կատարել է 2021-ին, որի հետևանքով 1 մլրդ տեղափոխվել է 2021 թիվ և արհեստական նվազում է ունեցել: Ինձ համար, կոնկրետ, այս թվերը շատ ցածր են:
Թվերը չեն գոհացնում ավագանու ընդդիմությանը: «Լույս» խմբակցության ղեկավարը հրապարակում է նախորդ տարիների կատարողականներ: Ավելի բարձր են՝ պնդում է.
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար - 2016 թ.՝ 100.27%, 2017 թ.՝ 96.9%, 2018 թ.՝ 73.43%, 2019 թ.՝ 70.5% և 2020 թ.՝ 63.5%: Ուսումնասիրում ենք ըստ վարչական շրջանների կատարողականները՝ մեր ամենացածր կատարում ունեցող վարչական շրջանը 73%-ը թող լինի, մնացած թվերն ավելի բարձր են: Երևանի քաղաքապետարանի մասով դա կազմել է 58.2%, որն ազդել է ընդհանուր թվի վրա և կազմել է 63.5%:
Քաղաքապետ Հայկ Մարությանը 2020-ի արհավիրքի պայմաններում 74 տոկոս կատարողականը լավ ցուցանիշ է համարում: Այն պայմաններում, երբ մարդկային ռեսուրսը, տեխնիկան գրեթե ամբողջությամբ աշխատում էր ռազմաճակատի համար:
Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - Սկսենք կորոնավիրուսից: 300 միլիոնի միայն անցումների տենդերներ էին դրված, մարդիկ չեն եկել չեն մասնակցել, որովհետև մարդը հասկանում է, որ գա մասնակցի, հաղթի, այս սահմանափակումների վիճակում չի կարողանալու կատարել աշխատանքները և, բնականաբար, ընկնելու է «սև ցուցակ»: Բոլորն անընդհատ հույս էին փայփայում, որ այս վիճակը կանցնի, և տարվա երկրորդ կեսից կսկսեն նորմալ աշխատել: Եթե դրանով միայն սահմանափակվեր 2020 թվականը, մենք Աստծուց շատ շնորհակալ կլինեինք: Որովհետև եկավ երկրորդ արհավիրքը, որը կարելի է ասել՝ ջնջեց բոլորիս պլաններն ու ամեն ինչ: Ի՞նչ կապ ունի դրա հետ կատարողականը՝ շատ ուղիղ:
Մայրաքաղաքի բյուջեի եկամտային մասը կատարվել է 91 տոկոսով: Ավագանին 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումն ընդունեց 37 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: