Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը Երևան քաղաքի բյուջեի 2020 թ. կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ ծախսերին՝ նշելով՝ քաղաքի 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 64.3 միլիարդ դրամի ծախսեր՝ ծրագրված 101.1 միլիարդ դրամի դիմաց:
«Ընդամենը՝ փաստացի ծախսերից 66.4 միլիարդ դրամը ուղղվել է ընթացիկ ծախսերին, իսկ 9.1 միլիարդ դրամը՝ կապիտալ բնույթի ծախսերին: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 11 միլիարդ դրամ, որը հիմնական ցուցանիշն է, որն ազդել է բյուջեի կատարողականի վրա: 2020 թ. բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ծախսերը, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 50.1%, տրանսպորտի բնագավառի ծախսերը՝ 18.8%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ 15%»,- տեղեկացրեց Ներսեսյանը:
Ավագանու անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ Ներսեսյանը մանրամասնեց՝ նախորդ տարվա վերջին ընդունած օրենսդրական փոփոխությունը ինքնակամ շինությունները օրինականացնելու վերաբերյալ նպաստել է հավաքագրմանը՝ նախատեսվածից 7 միլիարդ դրամով ավելի, որը տվյալ բյուջեի օրինակելի ձևի մեջ արտացոլվում է որպես բացասական թիվ:
«Այդ գումարի արդյունքում, որը բավականին մեծ է՝ մոտ 7 միլիարդ, ընդհանուր բյուջեի մասով կազմում է մոտավորապես 7%, նվազեցնում է մեր կատարողականը: Բացի այդ, նաև արհեստական նվազեցում ենք ունեցել վերելակների փոխարինման մասով, որի արդյունքում մեր պատվիրատուն տեղադրումները ամբողջությամբ չհասցրեց կատարել 2020 թվականին և ավարտական փաստաթղթերը ներկայացրեց 2021-ին, որի արդյունքում մեր ունեցած 2.5 միլիարդ դրամի վճարումը տեղափոխվեց 2021 թվական, որը նույնպես բացասական կերպով է անդրադարձել տվյալ ցուցանիշի վրա: Ավտոբուսների ձեռքբերման մասով 1 միլիարդ 19 միլիոն դրամի չափով գումարը փոխանցվել է փաստացի փաստաթղթավորման ավարտին՝ 2021 թվականին, որի արդյունքում կատարողականը կրկին արհեստական նվազում է ունեցել»,- հայտնեց Սերգեյ Ներսեսյանը:
Եթե մենք այդ երկու ցուցանիշները վերանայեինք, մեր կատարողականի ցուցանիշը կկազմեր ընդհանուր առմամբ 74%՝ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը: