Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու այսօրվա նիստին անդրադարձավ 2020 թվականի բյուջեի կատարողականի ցուցանիշին՝ նշելով, որ անգամ աշխարհի ամենամեծ տնտեսություններն են շատ մեծ վնասներ կրել Քովիդ-19-ի պատճառով, իսկ Երևանը նաև նախորդ տարվա երկրորդ կեսին մեկ այլ արհավիրքի՝ պատերազմի բախվեց, որը ևս ցուցանիշների անկման վրա մեծ ազդեցություն է ունեցել:
«Սկսենք կորոնավիրուսից: 300 միլիոնի միայն անցումների տենդերներ էին դրված, մարդիկ չեն եկել չեն մասնակցել, որովհետև մարդը հասկանում է, որ գա մասնակցի, հաղթի, էս սահմանափակումների վիճակում չի կարողանալու կատարել աշխատանքները և, բնականաբար, ընկնելու է «սև ցուցակ»: Բոլորն անընդհատ հույս էին փայփայում, որ այս վիճակը կանցնի, և տարվա երկրորդ կեսից կսկսեն նորմալ աշխատել: Եթե դրանով միայն սահմանափակվեր 2020 թվականը, մենք Աստծուց շատ շնորհակալ կլինեինք: Որովհետև եկավ երկրորդ արհավիրքը, որը կարելի է ասել՝ ջնջեց բոլորիս պլաններն ու ամեն ինչ: Ի՞նչ կապ ունի դրա հետ կատարողականը՝ շատ ուղիղ:
Նախ՝ սկսենք նրանից, որ մարդկային ռեսուրսը ուղղվեց դեպի մոբ, շինարարական տեխնիկան ամբողջությամբ ուղղվեց դեպի ռազմաճակատ, այսինքն՝ բացարձակ կանգնեցին շինարարական աշխատանքները:
Եվ էս պարագայում ասել՝ դե, ամեն ինչը չի կարելի գցել կորոնավիրուսի ու պատերազմի վրա, ոչ մեկը ոչ մի բանի վրա չի ուզում ոչինչ գցել, արձանագրում ենք այն, ինչ եղել է: Դե ֆակտո այդ աշխատանքները կատարվել են, երևանցին դա տեսել է, և ես 74% կատարողականը այդ իրավիճակում համարում եմ լավ ցուցանիշ: Ես նաև հավաքագրումը՝ 91% հավաքագրումն եմ համարում լավ ցուցանիշ»,- ասաց Մարությանը: