ԵԱՀԿ նախագահի տարածաշրջան այցը նախատեսված էր 7 ամիս առաջ՝ 2020-ի սեպտեմբերին, հետաձգվեց պատերազմի պատճառով:
Կառավարությունում Անն Լինդեի հետ հանդիպման առանցքում ԵԱՀԿ-ի հետ սերտ գործակցությունն է և Արցախի հարցը: Հակամարտության լուծումը Երևանը հնարավոր է համարում բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար վարչապետն անհրաժեշտ է համարել Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը, շեշտել՝ Արցախի կարգավիճակի հստակեցման, արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի նախագահի ագրեսիվ, ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանի կայունությանն ու երկարատև խաղաղությանը: Առաջնային է գերիների վերադարձը. եռակողմ հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների՝ ասել է վարչապետը: ԵԱՀԿ նախագահը հակամարտության կարգավորման գործում կարևոր է համարել եռանախագահների աշխատանքն ու անձնական ներկայացուցչի ջանքերը՝ միտված խաղաղության հաստատմանը:
Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը գերիների վերադարձի հարցում՝ եվրոպացի դիվանագետի հետ հանդիպմանը շեշտել է նախագահ Սարգսյանը, քննարկել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին:
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը եղել է նաև արտգործնախարարությունում հանդիպման օրակարգում:
Արա Այվազյան, ՀՀ արտաքին գործերի նախարար - Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ:
Թեև այն ունի խաղաղ կարգավորման որոշ դրույթներ, բայց չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա՝ հայտարարեց արտգործնախարարը:
Արա Այվազյան - Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա:
Անն Լինդե, ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար - Հրադադարի ամբողջական պահպանումը հիմք կդառնա հակամարտության գործընթացում առաջ գնալու համար: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը, որպես ամբողջություն, կարևոր դեր պետք է խաղան առաջ ընթանալու ճանապարհ գտնելու գործում: Այս փուլում կարևոր է նաև հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը:
Արտգործնախարարը հիշեցնում է՝ Հայաստանը հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի միայն խաղաղ կարգավորման օգտին։
Արա Այվազյան - Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար:
Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման և գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին Անն Լինդեի հետ խոսել է նաև Արցախի արտգործնախարարը:
Դավիթ Բաբայան, Արցախի արտաքին գործերի նախարար - Այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկային հասարակ նորմերի կոպիտ խախտում է, նաև միջազգային իրավունքի: Ադրբեջանում կան շատ ավելի գերիներ և պատանդներ, քան դրա մասին բարձրաձայնում է: Երբ ասում է ահաբեկիչ, միջազգային կառույցներ կարող են գալ, ծանոթանան, տեսնեն՝ ահաբեկի՞չ է, թե՞ աշխարհազոր:
Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ նախագահին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ հասնելու միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների անշեղ իրականացմանը: