Մարտի 16-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից:
Կողմերն անդրադարձ են կատարել Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացներին։
Հանդիպմանը քննարկվել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Նախարարները, մասնավորապես, ընդգծել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների աճյունների դուրսբերման, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի դերակատարությունն այս գործընթացում։