Հրանտ Սահակյան (87 հիմնական դպրոցի աշակերտ) - Մտածել էի, որ հնարավորություն ունեմ հաղթելու, այդ պատճառով որոշեցի մասնակցեմ:
Հնարավորությունը բաց չթողեց ու հանրապետական օլիմպիադայում երկրորդ տեղը զբաղեցրեց: Հրանտն այս անգամ գիտելիքները ստուգում էր աշխարհագրությունից: Օլիմպիադայի փորձ ունի, անցած տարի էլ հայոց լեզու և գրականություն առարկաներից գերազանց արդյունք էր ցույց տվել: Ապագա ծրագրավորողն այսքանով չի սահմանափակվի, հաջորդը միջազգային օլիմպիադան է:
Նախարարությունում առայժմ ամփոփել են 6 առարկայի՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, աշխարհագրության ու քիմիայի հանրապետական փուլերը, արձանագրում են՝
Ստալ Սարդարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ) - գոհ են այս տարվա արդյունքներից:
Բնագիտական առարկաներից այս տարի օլիմպիադային մասնակցել է ավել քան 640 աշակերտ:
Առաջին կարգի դիպլոմ են ստացել 30-ը, երկրորդ կարգի՝ 32-ը, իսկ գիտելիքներով երրորդ տեղում են հայտնվել 74-ը: 119-ն էլ պարգևատրվել են գովասանագրերով:
Արդեն երկրորդ տարին դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներն անվանական կրթաթոշակ են ստանում: Չնայած օլիմպիադայի արդյունքները գոհացնող են, բայց Կրթական տեսչական մարմինն այս տարի արձանագրել է՝ աշակերտները, օրինակ՝ մաթեմատիկայից կաղում են: Նախարարությունում այստեղ հակասություն չեն տեսնում:
Ստալ Սարդարյան - Օլիմպիադաներին մասնակցում են առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաները, մասնակիցների մասով գոհ ենք:
Այս տարի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանից 21 աշակերտ է մասնակցել, 17 մեդալով են վերադարձել, որից 10-ը՝ ոսկի:
Բնագիտական առարկաներից էլ աչքի են ընկել հատկապես Լոռու, Շիրակի և Երևանի աշակերտները:
Ստալ Սարդարյան - Բնագիտական առումով 2022 թ. կենսաբանության միջազգային օլիմպիադան ՀՀ-ում առիթ է, հետաքրքրությունը կմեծացնի բնագիտական ճյուղի առումով:
16 առարկայից հանրապետական օլիմպիադաների ընդհանուր արդյունքը հայտնի կդառնա մայիսի կեսերին: Մինչև այդ, այս պահին հանձնաժողովը դիմում-բողոքներն է քննում, որը ստացել է 6 առարկա ամփոփելով: