ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանից՝ արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի դեպքը բացահայտվա՞ծ է, հայտնի՞ են կատարողները և պատվիրատուները:
Տ. Հարությունյանն ասաց, որ քրեական գործի շրջանակում նախաքննություն է ընթանում, և դժվար է պատասխանել այդ հարցերին: «Նախաքննության ավարտով է պայմանավորված պատասխանը թե՛ պատվիրատուների, թե՛ կատարողների առումով»,- ընդգծեց նա:
Նա նշեց, որ որպես մեղադրյալ ներգրավված անձինք կան, նրանք ունեն դատաիրավական կարգավիճակ, քննչական գործողությունները շարունակվում են՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սպանության փորձը տեղի է ունեցել բոլորի աչքի առջև:
«Նրանք Միրզոյանին սպանված են համարել, դրա համար բաց են թողել: Կան պատվիրատուներ, կար հրահանգ, նրանք փնտրում էին առաջնային պաշտոնյաներին, ինչը նման էր հոկտեմբերի 27-ին, և եթե դա տեղի ունենար, քաոտիկ իրավիճակ կունենայինք, ինչպես 1999-ին, և երկիրը կրկին կհայտնվեր ցնցումների մեջ»,- ասաց Քոչարյանը: