«Գորշ գայլեր»: Այս անունը աղոտ փոխաբերության թիկնոցի տակ թաքցնում է ծայրահեղական գաղափարախոսությունը: Ովքե՞ր են «Գորշ գայլերը» (թուրք. Bozkurtlar): Նրանք սովորաբար կիրառում են ռասիզմի հետ նույնականացվող բառապաշար, նրանք պատասխանատվություն են կրում Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ կրոնի ազատության կոպիտ խախտման ցնցող դեպքերի համար՝ փոխանցում է Persecution պարբերականը:
Թուրքական մեդիան հաճախ է հերքում «Գորշ գայլերի» գոյությունը, սակայն շատ բարձրաստիճան պաշտոնյաներ անհերքելի կապեր ունեն:
«Գորշ գայլերին» նկարագրում են որպես ֆաշիստների, Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության ռազմականացված ուժ, որը երեք տարի առաջ հավասարեցվեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: Դա դաշինք էր, որը լեգիտիմացրեց «Գորշ գայլերի» գաղափարախոսությունը հասարակությունում:
«Գորշ գայլերի» գործունեությունն արգելվել է Ֆրանսիայում և Գերմանիայում, չնայած դրան, կան կենտրոններ, որոնք իրենց գաղափարախոսությունը տարածում են արտասահմանում: Ավստրիայում էլ արգելվել է «Գորշ գայլերի» ողջույնի ձևը: Եվրամիության տարածքում բազմաթիվ անգամ կոչ է արվել արգելման նմանատիպ բանաձևեր ընդունել և նույնիսկ «Գորշ գայլերը» ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում:
«Գորշ գայլեր» շարժումը հեշտությամբ կարելի է պիտակավորել որպես ռասիստական: Հատկանշական է, որ Թուրքիայի ներկա սահմաններից ներս իրականացված քրիստոնեական հետապնդումներում առկա է «Գորշ գայլերի» տարրը: Պարբերականն օրինակ է բերում Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ մահափորձը 1981-ին: 2006-ին շարժման անդամներից մեկը Տրապիզոնում սպանել էր կաթոլիկ վանական Անդրեա Սանտորոյին, շատերի հավաստմամբ՝ «Գորշ գայլերի» ձեռքով է 2007-ին սպանվել նաև հայազգի լրագրող Հրանտ Դինքը: Յուրաքանչյուր ողբերգական դեպք պարունակում է առեղծված, անպատասխան հարցեր՝ նույնիսկ տարիներ անց:
Այսօր «Գորշ գայլերն» այլ բնույթ ունեն, թեպետ առեղծվածը պահպանվում է: Նրանց համաշխարհային գործունեությունը համակարգում է անտեսանելի ձեռքը, իսկ նրանց գաղափարախոսությունը ռազմականացվում և կազմակերպվում է հիմնականում հակամարտության գոտիներում: Դա Թուրքիայի սահմաններից դուրս էթնիկ կրոնական ազատության ոտնահարման աննախադեպ իրողություն է:
Պարբերականը նշում է Սիրիայում հայտնի «Սուլթան Մուրադ» բրիգադի մասին, որը Թուրքիայի դաշնակից խմբավորումներից մեկն է և սերտ հարաբերություններ ունի «Գորշ գայլերի» հետ: Այս խմբավորման ներգրավվածությունը մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերում փաստագրվել է միջազգային կազմակերպությունների կողմից: Նրանք պարզապես ահաբեկիչներ են:
Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է սիրիացի վարձկաններով, որոնց հիմնական մասը «Սուլթան Մուրադ» բրիգադից էր: Բազմաթիվ լուսանկարներ ու տեսագրություններ կան, որ այդ վարձկանները Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կիրառել են «Գորշ գայլերի» ողջույնի ձևը: Սիրիացի վարձկաններին հավաքագրել էին հատկապես «քրիստոնյաներին սպանելու» նպատակով: Տեսագրված փաստերը ցույց են տալիս հայ քրիստոնյաների դեմ իրականացված հատուկ դաժանության բռնությունները, այդ թվում՝ գլխատումները:
«Գորշ գայլերը» ունեն էթնիկ կրոնական փոքրամասնության նկատմամբ ահաբեկչության երկար պատմություն: Թուրքիայի իշխանությունները երեք տարի առաջ լեգիտիմացրեցին նրանց, նրանք ռազմականացված են և համաշխարհային գործունեություն են սկսել: «Գորշ գայլերի» առաքելությունը պանթուրքական իսլամիզմն է, և ցանկացած էթնիկ քրիստոնյա, ով կհայտնվի նրանց գործունեության տիրույթում, կվտանգվի: