Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց, որ ծախսերի մասով քաղաքապետարանի կատարողականը կազմել է 63,5 տոկոս, և, ըստ նրա, դրա մասին տեղեկանելով՝ քաղաքապետը պետք է հրաժարական տար:
«Բնականաբար, հիմա կարդում ենք, որ Քովիդ է եղել, պատերազմ է եղել: Առաջարկում եմ համեմատական անցկացնել. 2016 թ.՝ 100.27%, 2017 թ.՝ 96.9%, 2018 թ.՝ 73.43%, 2019 թ.՝ 70.5% և 2020 թ.՝ 63.5%: Ուսումնասիրում ենք ըստ վարչական շրջանների կատարողականները՝ մեր ամենացածր կատարում ունեցող վարչական շրջանը 73%-ը թող լինի, մնացած թվերն ավելի բարձր են: Երևանի քաղաքապետարանի մասով դա կազմել է 58.2%, որն ազդել է ընդհանուր թվի վրա և կազմել է 63.5%»,- նշեց Խաժակյանը:
Դիմելով քաղաքային իշխանությանը՝ Խաժակյանը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքը, տեղեկանալով կատարողականի մասին, պետք է նշեր, որ իրենց մոտ չի ստացվել:
«Էս թիվը ոչ թե վատն է, էս թիվը ձախողում է նշանակում: Սա քաղաքային կառավարման տապալում է նշանակում՝ անկախ բոլոր օբյեկտիվ հանգամանքներից, որոնք ես բերեցի»,- ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին: