Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից չորս ամիս անց պաշտոնական Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել փաստաթղթի հումանիտար կետերից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ֆրանսիական Le Point-ին, այս մասին նշվում է մի խումբ ֆրանսիացի մտավորականների տարածած հաղորդագրության մեջ:
Ֆրանսիացի մտավորականներն արձանագրել են, որ այդպիսով Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: «Ստորագրված փաստաթղթի նկատմամբ այս անարգալից վերաբերմունքը փշրում է 1915-ի Ցեղասպանությունից հարյուր տարի անց հայ ժողովրդի՝ իր նախնիների հողում նորմալ կյանքի վերադառնալու հույսը»,- նշել են նրանք՝ ընդգծելով, որ դա ատելության հստակ դրսևորում է:
Մտավորականները հիշեցրել են, որ Ադրբեջանը, որի զինվորականները պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ են իրականացրել հայերի նկատմամբ՝ սպանելով ու խոշտանգելով ինչպես հայ զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց, խեղելով նրանց դիակները, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վարկանշային վատագույն ցուցանիշներն ունի աշխարհում՝ հաստատված այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Freedom House-ը և «Լրագրողներ առանց սահմաններին»:
«Այս կոչը ստորագրողները խնդրում են Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային, որը մասնակցում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, օգտագործել իր ողջ իրավասությունը հայ ռազմագերիների ազատ արձակման համար: Եթե ԵԱՀԿ կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել մարդկանց, որոնք զոհ գնացին, ապա գոնե թող ապահովի հրադադարի ռեժիմի այս հումանիտար կետի պահպանումը»,- ասվում է շուրջ հարյուր ֆրանսիացի մտավորականների ստորագրած հայտարարության մեջ: