Մարտի 15-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային, Էներգետիկ, հումանիտար ոլորտներում միջգերատեսչական համագործակցության շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։