Սերոբ Ավագյան (ավագ լեյտենանտ) - Ծուղակի մեջ էինք, հրամանատարությանը զեկուցելով՝ թողնում ենք մեր կրակային դիրքերը, ճանապարհին հակառակորդի «Բայրաքթարից» վիրավորվում ենք, անձնակազմի տղաներից մի քանիսը տեղում զոհվում են։
Սերոբ Ավագյանը հիշում է՝ ինչպես է «Բայրաքթարի» հարվածից վիրավորվել պատերազմի 15-րդ օրը։ Հինգ հոգանոց խմբից միայն ինքն է փրկվել, օգնության եկած զինվորն էլ երկրորդ հարվածից է վիրավորվել։ Անօդաչուի հարվածից հրետանային վաշտի ավագ-լեյտենանտը կորցրել է աչքն ու մի ոտքը։ Արցախյան պատերազմում վիրավորում ստացած այլ երեք զինծառայող տղաների հետ Մոսկվա է մեկնել տեսողությունը վերականգնելու համար։ Զինվորների աչքի լույսը վերականգնելու և պրոթեզավորման համար բուժման նպատակով Հայաստանից Մոսկվա տղաներին բերել է «Վիվա» բարեգործական հիմնադրամը։
Անուշ Խանջյան (Հելմգոլցի անվան աչքի հիվանդությունների հիվանդանոցի փոխտնօրեն) - Մեր կենտրոնում արդեն հետազոտում է անցել չորս զինծառայող, նրանցից մեկին, ցավոք, ոչ մի կերպ չհաջողվեց օգնել, երկուսին արվել են վերականգնողական վիրահատություններ, պրոթեզներ են տեղադրվել, երեք ամիս հետո նրանք կվերադառնան, և արդեն կտեղադրվեն մշտական պրոթեզները։ Մի տղայի էլ արվել է շատ բարդ վիրահատություն, սպասում ենք արդյունքներին։
Աչքի կոնտուզիայով ծանր դեպքերը շատ են՝ ասում է տղաների վիրաբույժը: Բարդագույն վիրահատություններով ամեն կերպ փորձում են փրկել աչքի այն մի փունջ լույսը, որ մնացել է վիրավորում ստացած տղաներին, ու վերադարձնել քիչ թե շատ ակտիվ կյանքի։
Իրինա Ֆիլատովա (Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժնի ղեկավար) - Հիմնականում ականներից առաջացած վնասվածքներ են: Ցավոք, վնասվել է ոչ միայն աչքը, նաև այլ օրգաններ, և մենք նրանց ուղղորդել ենք մեր կոլեգաների մոտ։
Պատերազմի բովով անցած տղաներն իրենք են ոգևորում մայրերին ու բժիշկներին, որ հանկարծ չընկճվեն՝ պատմում են հիվանդանոցում: Այստեղ առօրյան նույնիսկ աշխուժացել է, հատկապես կատակասեր 19-ամյա Վահրամի գալուց հետո։ Երկկողմանի ծանր վնասվածքի հետևանքով մի աչքը հեռացրել են, պրոթեզ տեղադրել։ Մյուս աչքի տեսողությունը պահպանելու և բարելավելու համար վիրահատությունն արվել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, թեպետ չի հաջողվել հեռացնել աչքի մանր բեկորները։ Անօդաչուի հարվածից հետո Վահրամը փրկվել է, բայց կորցրել զինակից ընկերոջը։
Վահրամ Իվանյան (Արցախյան պատերազմի մասնակից) - Պատերազմը որ սկսվեց, 9 ամսվա ծառայող էի: Հոկտեմբերի 14-ին Տավուշից մեզ տարան Հադրութ, 16 հոգանոց մարտկոց էինք:
Հիմա էլ աշխատում է չընկճվել ու առաջ նայել։
Հիմնադրամի բժիշկները պատերազմի առաջին օրերից եղել են հիվանդանոցներում ու հոսպիտալներում: Հայաստան են հասցրել նաև բժշկական խոշոր սարքավորումներ։ Անհարժեշտ վիրահատությունից հետո արդեն տուն են ճանապարհել չորս զինծառայողի, երեքն էլ դեռ հետազոտման փուլում են: Զինվորների վերականգնման ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է, քանի դեռ կարիքը կա։
Անուշ Խանջյան - Մեր համագործակցությունը Հայաստանի բժիշկների և հիմնադրամի հետ շարունակվում է։ Աշխատում ենք որոշ հարցեր լուծել տեղում: Հայաստանում նույնպես բանիմաց բժիշկներ կան, խորհրդակցություններ են անցկացվում: Տղաները ոչ մի դեպքում անտեսված չեն մնա, ամեն կերպ օգնություն կցուցաբերվի դիմածնոտային և նեյրովիրաբույժների ներգրավումով։
Փոքրից մեծ՝ բոլորն էլ գիտեին, որ մի օր պատերազմ լինելու է՝ ասում է Ստեփանակերտցի լեյտենանտը։ Իր բազմանդամ ընտանիքը շարունակում է ապրել Արցախում, իրենց տունուտեղը լքելու միտք անգամ չունեն, ինքն էլ վստահ է՝ բուժում ստանալուց հետո հնարավորության սահմաններում անպայման կշարունակի ծառայությունը։